Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծը» գտել է իր տիրոջը

17:20 • 10.05.11

Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծը», որը շնորհվում է կինեմատոգրաֆում ունեցած նշանակալի ավանդի համար, հանձնվելու է իտալացի ռեժիսոր Մարկո Բելոքիոյին (Marco Bellocchio)։

Այս մասին նշված է Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական կայքում։

Մարկո Բելոքիոյի ֆիլմերը («Հանուն հոր», 1972թ., «Ցատկ դատարկության մեջ», 1980թ., «Բարև, գիշեր», 2003թ.), սկսած դեբյուտային «Բռունցքներ գրպանում» ֆիլմից, հստակորեն հակադրվում են նեոռեալիզմին։
Բելոքիոն բազմիցս մասնակցել է Վենետիկի ու Կաննի կինոփառատոներին։

Ռեժիսորի պարգևատրման պատվին Վենետիկում կցուցադրվի նրա ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Հանուն հոր» (Nel nome del padre, 1971) ֆիլմի ռեժիսորական տարբերակը։

Կինոփառատոնի մեկ այլ՝ Jaeger-Le Coultre պարգևը սեպտեմբերի 4-ին կհանձնվի ամերիկացի դերասան ու ռեժիսոր Ալ Պաչինոյին, որը Վենետիկի կինոփառատոն է ժամանելու իր նոր ֆիլմը՝ Օսկար Ուայլդի պիեսներից մեկի վրա կնարահանած «Վայրի Սալոմեն» (Wilde Salome) ներկայացնելու համար։

Jaeger-Le Coultre-ը շնորհվում է 2007-ից։ Մրցանակի դափնեկիրներ են դարձել Տակեշի Կիտանոն, Աբբաս Քյառոստամին ու Սիլվեստեր Ստալոնեն։

Վենետիկի 68-րդ կինոփառատոնը կանցկացվի 2011թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը։ Ժյուրին կգլխավորի ամերիկացի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկին։