«Թանգարանային գիշերը» Հայաստանում
Մայիսի 14-ին Եվրոպայի ավելի քան 40 երկրներում, ինչպես նաև Հայաստանում տեղի կունենա թանգարանների միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառումը` «Թանգարանային գիշեր» ակցիան։ Այդ օրը թանգարաններն իրենց դռները կբացեն քաղաքացիների առաջ` անվճար հիմունքներով հանրությանը թանգարանային ցուցանմուշներին և արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով։
Առաջին անգամ այս ակցիան անց է կացվել 1999թ. Ֆրանսիայում` մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, իսկ արդեն 2001թ.-ին դրան մասնակցում էր ավելի քան 39 երկիր:
Հայաստանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպվող «Թանգարանային գիշերը» այս տարի մեկնարկելու է մայիսի 14-ին, ժ. 18:00 և շարունակվելու է մինչև մայիսի 15-ը, ժ. 00:00 : Այցելուների առաջ իրենց դռներն են բացելու շուրջ վաթսուն թանգարան: Ակցիան անցնելու է «Գրավոր հիշողություն» կարգախոսով, քանի որ 2012-թ.-ին Հայաստանում նշվելու է առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակը:










