Հայաստանյան թանգարանները պատրաստվում են «Թանգարանային գիշերվան»
Մայիսի 14-ին Հայաստանը 7-րդ անգամ կմիանա եվրոպական ավելի քան 40 երկրներում Թանգարանների միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառմանը՝ «Թանգարանային գիշերվան»։
Այս կապակցությամբ Հայաստանի բոլոր թանգարանները վաղը հանդես են գալիս յուրօրինակ նախաձեռնություններով։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Մ. Սարյանի ձեռագրերի աշխարհում» ցուցադրությունը, ապա կամերային երաժշտության համերգ դաշնակահար Հայկ Մելիքյանի և թավջութակահար Լևոն Առաքելյանի կատարմամբ, վոկալ երաժշտության համերգ Երևանի պետական Կոնսերվատորիայի սաների կատարմամբ, Սարյանին նվիրված 2010թ. նկարահանված վավերագրական ֆիլմի ցուցադրություն:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում
կներկայացվեն դեմիրճյանական խոհեր` բացիկների տեսքով
ապա «Պույպույ մուկիկը» տիկնիկային ներկայացում։
Երևանի պատմության թանգարանում «Մեր հիշողությունների վալս» ծրագրի շրջանակում պատեֆոնի նվագակցությամբ թանգարանի սրահում կցուցադրվի երևանյան ֆիլմաշար:
Հայաստանի ազգային պատկերասրահում այցելուները հնարավորություն կունենան դիտել պատկերասրահի մշտական ու ժամանակավոր ցուցադրությանները։
Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա ներկայացումներով, կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում վալսի ուսուցում կանցկացվի «Բարեկամություն» պարի պետական համույթի պարուսույցների մասնակցությամբ, ելույթ կունենա նաև «Սպեղանի» երգչախումբը։
Ռուսական արվեստի թանգարանը կներկայացնի նոր ստեղծագործություններ թանգարանի ֆոնդից։
«Գաֆէսճեան» արվետի կենտրոնում կբացվի Ֆիլիպ Հակոբյանի ցուցադրությունը, իսկ ժ. 20։00-ին այցելուները Հատուկ միջոցառումների սրահում կունկնդրեն կամերային համերգ։
Թանգարանները բաց կլինեն ժ. 18։00-24։00-ն։










