Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը կտեղադրվի Աբովյան փողոցում
Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում քննարկել է Գարեգին Նժդեհի ձիարձան–հուշարձանի նույնանուն հրապարակում տեղադրման և Երևան քաղաքում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման առաջարկները։ Նիստը վարել է խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, առաջին հարցի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում խորհրդի անդամները տարբեր կարծիքներ են արտահայտել ինչպես ձիարձանի գեղագիտական, այնպես էլ արձանի տեղադրման ճարտարապետական լուծումների առնչությամբ։ Քաղաքապետն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո։
Գեղարվեստի խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման հարցին։ Առաջարկված երկու տեղերից խորհուրդը հավանություն է տվել արձանը Աբովյան փողոցում, նախկին մանկական հանրախանութի հարակից տարածքում, բարերարի միջոցներով կառուցված Առնո Բաբաջանյան համերգասրահի հարևանությամբ տեղադրելու առաջարկին։










