Չեխական «Բարանդով» ստուդիան ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի հետ
Կաննի կինոշուկայի չեխական տաղավարում այսօր կայացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի և «Բարանդով» ստուդիայի վաճառքների գծով տնօրեն Պիտեր Տիչիի հանդիպումը։ Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկարատև և բազմաշերտ կինոհամագործակցություն սկսելու մանրամասները: Ըստ նախնական պայմանավորվածության՝ աշնանը Երևանում կկազմակերպվի «Բարանդով» կինոստուդիայի շնորհանդեսը: Այդ օրերին Երևանում տեղի կունենա նաև չեխական մեկ մանկական ֆիլմի ցուցադրություն և կանցկացվի սեմինար ուսանողների համար:
Գևորգ Գևորգյանի խոսքերով՝ այս համագործակցությունը չափազանց կարևոր է հայկական կողմի համար, քանի որ միաժամանակ նկարահանվող ֆիլմերը կարող են հետարտադրական փուլի աշխատանքները շարունակել Պրահայում: Չեխական կողմը առաջարկում է նաև Չեխիայի տարածքում կազամակերպել այդ ֆիլմերի վարձույթը:
Դեռևս մեկ տարի առաջ սկսված բանակցությունների արդյունքում չեխական կողմը համաձայնել է ստանձնել ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Սրբագրողը» ֆիլմի համաարտադրությունը` կինոնկարի հետարտադրական փուլի համար (նախատեսվում է մայիսի 17-ին ստորագրել պայմանագիրը):
Նշվում է, որ այս օրերին Կաննում հայկական տաղավար են այցելել կինոշուկային մասնակցող մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնք հատկապես հետաքրքրված են նոր նախագծերով:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ , Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացել է նաև Մարիա Սահակյանի «Ալավերդի» ֆիլմի աշխատանքային տարբերակի դրվագների ցուցադրությունը: Կինոնկարի պրոդյուսեր Վիկտորյա Լյուպիկը խոսել է ֆիլմի մասին, նշել, որ այն գտնվում է հետարտադրական փուլում, սակայն կան ֆինանսական խնդիրներ և իրենք փորձում են շուկայում նոր գործընկերներ գտնել` ֆիլմն ավարտին հասցնելու համար:










