«Մէկ կադրը» երիտասարդ մարդուն սովորեցնում է հաշվի նստել ժամանակի հետ. Զավեն Բոյաջյան

16:33 • 16.05.11

ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) վաղը տեղի կունենա «Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնի բացման արարողությունը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Մէկ Կադր» փառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Գագիկ Ղազարէն։

«Փառատոնի հիմնական նպատակը հայկական կինոյի զարգացմանը նպաստելն ու օգնելն է։ Որևէ էկրան, որ ավելանում է հայկական կինոյի ցուցադրման համար, միայն օգտակար է մեր կինոյի զարգացմանը»,- ասաց Ղազարէն։

Կինոռեժիսոր, կինոդերասան Միքայել Դովլաթյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ «Մէկ կադրը» խտրականություն չի դնում նկարահանման եղանակների միջև՝ լինի բարձրորակ բջջային հեռախոսով, թե պրոֆեսիոնալ տեսախցիկով։ Ըստ ռեժիսորի՝ թեև հայկական ֆիլմերը «կաղում են ասելիքի տեսանկյունից, սակայն դրանից պետք չէ վախենալ»։ Փառատոնի շրջանակում հրավիրվելիք ֆորումը, ըստ նրա, հիանալի հնարավորություն է միմյանց հետ «առանց նեղանալու խոսելու»։

Կինոգետ, թարգմանիչ, Զավեն Բոյաջյանն իր խոսքում առանձնահատուկ տեղ հատկացրեց «Մէկ կադրին»։ «Սա լայն, մեծ հնարավորություն է երիտասարդ մարդու համար գեղեցիկի հետ շփվելու համար։ Այսօր լուրջ արվեստի, էսթետիզմի հետ շփվելու կարիք կա։ «Մէկ կադրը» երիտասարդ մարդուն հնարավորություն է ընձեռում դրսևորել իրեն, սովորեցնում հաշվի նստել ժամանակի հետ, կարճ ժամանակի մեջ արտահայտել ասելիքը։ Ըստ էության՝ դա մարտահրավեր է»,- ասաց նա։

Փառատոնը կբացվի Սոնա Պալասանյանի «Ինքնության սահմաններ» (ԱՄՆ) և Էհրան Արիկի «Ալագյազ լեռը, հող, սենյակ, ձայն, հիշողություն» (Թուրքիա) ֆիլմերի ցուցադրությամբ։ «Մէկ կադր» անվանակարգում ներկայացված է 94 աշխատանք, կարճամետրաժում՝ 30 ֆիլմ, որից 6-7-ը Հայաստանն են ներկայացնում, «Կինո առանց սահմանների» անվանակարգում 17 ֆիմ։

Այս տարի փառատոնին մասնակցում է 377 հեղինակ 45 երկրներից՝ Հայաստան, Ալժիր, ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա, Իրան, Լեհաստան, Հունգարիա, Ճապոնիա և այլն: