Կաննի կինոփառատոնի իրանցի մասնակցին թույլատրվել է մեկնել արտասահման

20:51 • 17.05.11

Մայիսի 14-ին Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված «Be Omid e Didar» ֆիլմի իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆին Իրանի իշխանությունները թույլատրել են մեկնել արտասահման:


2010-ին Իրանի դատարաններից մեկը Ռասուլոֆին ու նրա գործընկեր Ջաֆար Փանահիին դատապարտել էր 6 տարի ազատազրկման, ինչպես նաև 20 տարով արգելել էր որևէ գործունեություն ծավալել կինոյի ոլորտում: Ռեժիսորները դատարանի վճիռը բողոքարկել էին ու արդյունքում ազատ արձակվել գրավի դիմաց, սակայն արտասահման մեկնելու արգելքը մնացել էր ուժի մեջ:

Ռասուլոֆի փաստաբանի հաղորդմամբ` ռեժիսորը երկրից դուրս գալու պաշտոնական իրավունք է ստացել մայիսի 16-ին, հաղորդում է ISNA գործակալությունը:

Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված «Be Omid e Didar» ֆիլմը պատմում է երիտասարդ թեհրանցի փաստաբանի մասին, ով փորձում է ելքի արտոնագիր ստանալ ու լքել Իրանը:

Կաննի փառատոնի կազմակերպիչների կարծիքով ֆիլմը նկարահանվել է ընդհատակյա պայմաններում, սակայն ռեժիսորի փաստաբանը հայտարարել է, որ ֆիլմի նկարահանման համար Ռուսուլոֆը Իրանի իշխանություններից ստացել է պաշտոնական թույլտվություն:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները կողմնակալության մեջ են մեղադրել Կաննի փառատոնի կազմակերպիչներին` փառատոնի շրջանակներում միայն ընդդիմության կողմնակից համարվող ռեժիսորների գործերը ցուցադրելու համար: