Փոլ Մաքքարթնին դասական փոփ երգերի հավաքածու է թողարկելու
Բրիտանացի աշխարհահռչակ երգիչ Փոլ Մաքքարթնին թողարկելու է դասական փոփ երգերի հավաքածու։ Այս մասին հաղորդում է Rolling Stone երաժշտական ամսագիրը։
Երաժիշտը հայտարարել է, որ դեռևս The Beatles-ի ժամանակներից է ցանկություն ունեցել թողարկել նման ձայնասկավառակ։ «Բայց ինչ-որ ժամանակ այդ երգերով լրջորեն սկսեց զբաղվել Ռոդ Ստյուարտը։ Եվ ես որոշեցի այս նախագծի աշխատանքները դադարեցնել, որպեսզի ոչ ոք չմտածի, որ ես կրկնօրինակում եմ Ռոդին»,- ասել է Մաքքարթնին։
Նա միայն այս տարվա գարնանն է ձեռնամուխ եղել հավաքածուի ձայնագրման աշխատանքներին։ Երգերը ձայնագրվել են Լոս Անջելեսի Capitol ստուդիայում։ Մաքքարթնիի հետ կոմպոզիցիայի վրա աշխատել են ջազային երգչուհի Դայանա Քրոլն ու նրա խմբի անդամները։ Բացի այդ, երգերի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է նաև նվագախումբը։
Մաքքարթնին դեռ չի բացահայտում, թե ինչ երգեր է զետեղելու նոր ալբոմում։ Նրա խոսքով՝ ինքը գերադասել է ձայնագրել իր սիրած երգերի քավերները։ Երաժիշտը հայտնել է նաև, որ արդեն ձեռնամուխ է եղել իր հաջորդ՝ լիարժեք ալբոմի ձայնագրման աշխատանքներին։ 2007թ. թողարկված Memory Almost Full ալբոմը Մաքքարթնիի վերջին՝ 14-րդ ձայնասկավառակն է։










