Ջազային քոլեջը չի ցանկանում միավորվել Նադեժդա Սարգսյանի քոլեջին
Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները պահանջում են, որպեսզի իրենց քոլեջը մնա նեղ մասնագիտական և չմիավորվի «Մշակույթ» քոլեջին։ Այս մասին այսօրվա ասուլիսին ևս մեկ անգամ բարձրաձայնեցին Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները՝ տեղեկացնելով, որ 2 օր առաջ Մշակույթի նախարարությունից եկել և տարել են իրենց քոլեջի պետռեգիստրի վկայականն ու կանոնադրությունը։
Այս քոլեջների օպտիմալացման հարցը ծագել է տարեսկզբին։ Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի անձնակազմը դեմ է օպտիմալացմանը մի շարք պատճառներով։ «Եթե օպտիմալացում են ուզում, թող, օրինակ, Մշակույթի նախարարությունը միացնեն Սփյուռքի նախարարությանը, համ հաստիքները կկրճատվեն, համ էլ մի նախարար կունենանք։ Մի նախարարի հաստիքը մեր ամբողջ աշխատակազմի հաստիքի չափ է»,- նշեց քոլեջի դասախոս Գևորգ Անդրիկյանը։ Դասախոսների խոսքով՝ «Մշակույթ» քոլեջը, որին ուզում են միավորել իրենց, նեղ մասնագիտացում չունի, այնտեղ դասավանդվում են անգամ տնտեսագիտություն, տուրիզմ, աուդիտ և նման այլ առարկաներ։
Քոլեջի գլխավոր ադմինիստրատոր Անահիտ Մազմանյանը նշեց, որ մշակույթի նախարարը «բազային» բառը չի հասկանում։ «Ասում է՝ 2 քոլեջներից մեկ բազային քոլեջ ենք ստեղծում։ Չի մանրամասնվում՝ Կոնսերվատորիայի՞, Թատերականի՞, թե՞ Մանկավարժականի համար է այդ քոլեջը։ Բազային քոլեջը կոնկրետ մեկ բուհի համար ապագա ուսանողներ պատրաստող կառույցն է։ Եթե մեր քոլեջները բազային են դարձնում, պետք է կոնկրետ մեկ մշակութային բուհ հիմնեն։ Եթե դա չկա, ի՞նչ բազային քոլեջի մասին է խոսքը»,- նշեց Մազմանյանը։
Դասախոսները նշեցին, որ Մշակույթի նախարարությունը մինչ օրս իրենց չի ներկայացրել 2 քոլեջների միավորման արդյունքում ստեղծվելիք կառույցի հստակ կանոնադրությունը, պլանն ու ուսումնական ծրագիրը։ «30 տարվա բրենդ ու անուն ունեցող այս քոլեջը ուզում են գրչի մի հարվածով ջնջել, ինչը անընդունելի ենք համարում»,- նշեցին նրանք։ Դասախոսները նաև մտավախություն ունեն, որ միավորված քոլեջների (որը կոչվելու է «Մշակույթ») տնօրեն կնշանակվի «Մշակույթի» ներկայիս տնօրեն Նադեժդա Սարգսյանը։
Քոլեջի անձնակազմը նշեց, որ կպայքարի մինչև վերջ, երբեք չի ընդունի նախարարության այս որոշումը։
«Մեր ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ նախարարների պորտֆելները ըստ կուսակցությունների են բաշխվում։ Հաշվի չի առնվում՝ այդ մարդը համապատասխան կրթություն ունի՞, ի վիճակի՞ է կառավարելու ոլորտը, թե ոչ։ Մենք կառավարությանը կոչ ենք անում մի կոմպետենտ մշակույթի նախարար նշանակել, քանի որ Հայաստանը դրսում նաև մեր մշակույթի միջոցով են ճանաչում»,- նշեց Անահիտ Մազմանյանը՝ հավելելով, որ նաև Մշակույթի նախարարության մեղքն էր, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ում անհաջողության մատնվեց։










