«Տիկնիկները հանուն խաղաղության ու բարեկամության». Դսեղում կբացվի «Թումանյանի հեքիաթի օր» փառատոնը

14:50 • 18.05.11

Մայիսի 21-27-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում տեղի կունենա «Թումանյանի հեքիաթի օր» տիկնիկային միջազգային 6-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Փառատոնն այս տարի կանցկացվի 2 փուլով՝ 2-րդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-17-ը և կկրի «Տիկնիկները հանուն խաղաղության ու բարեկամության» խորագիրը։

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախագահ, ծրագրի ղեկավար Արմեն Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի փառատոնին կմասնակցեն 15 թատերախմբեր աշխարհի 15 երկրներից՝
նախորդ տարվա 11 թատերախմբի ու տիկնիկային արվեստի գործիչների փոխարեն։ Փառատոնի առաջին փուլում կանցկացվեն վարպետության դասեր, կգործի տիկնիկների ցուցահանդեսը, որն այս տարի առաջին անգամ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով կմեկնի Հայաստանի մարզեր ու հեռավոր գյուղեր։

«Հուրախություն մեզ՝ այս տարի վարպետության դասերը շատացել են»,- ասաց Սաֆարյանը՝ երիտասարդ ռեժիսորներին, թատերական արվեստի գործիչներին կոչ անելով մասնակցել վարպետության դասերին։ Այս տարի առաջին անգամ փառատոնին կմասնակցեն նաև ազգային փոքրամասնությունների ինքնագործ խմբերն ու թատրոնները։

«Եկեք Դսեղ, առնչվեք տիկնիկային ու հեքիաթների աշխարհի, հրաշալի բնության ու տարբեր ազգերի բարի, ստեղծագործ սրտերի հետ»,- կոչ արեց Սաֆարյանը։