Հարկ է հոգալ մեր մեծերի մասունքների մասին այնտեղ, որտեղ դրանք թաղված են. Հասմիկ Պողոսյան

16:15 • 21.05.11

Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնը ոչ թե գերեզմանատուն է, այլ՝ սրբավայր։ Այս մասին այսօր Պանթեոնում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Ըստ նրա՝ այստեղ այցելելով՝ ամեն հայ կարող է հոգով հաղորդակցվել հանգչող մեծերին, կանգնել նրանց առաջ, մտովի զրուցել նրանց հետ։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ժամանակի ընթացքում պետք չէ վերարժևորել «մեր մեծերի ցանկը»՝ հայոց նոր ու նորագույն գործիչներին այստեղ բերելով, ոմանց այստեղից տեղափոխելով, նախարարը նշեց. «Ինձ առհասարակ դուր չի գալիս վերաթաղման երևույթը. դա հակաքրիստոնեական է։ Հարկ է հոգալ մեր մեծերի մասունքների մասին այնտեղ, որտեղ դրանք թաղված են»։

Հասմիկ Պողոսյանը խոսեց նաև 19-րդ դարի արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի անթաղ գանգի մասին, որ շուրջ 42 տարի առաջ բերվել է Հայաստան, սակայն դեռ պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ «Խնդիրն այն է, որ այսօր հայ մտավորականներն այս մասին հակադիր պահանջով բաժանված են երկու ճիշտ հավասար բանակի»,- ասաց նա՝ նշելով, որ մինչև մտավորականներն իրենք միակամ չլինեն այդ հարցում, որևէ որոշում պարտադրելը ճիշտ չի լինի։