Պեդրո Ալմոդովարն առաջին անգամ անգլալեզու ֆիլմ կնկարահանի

15:44 • 23.05.11

Իսպանացի կինեմատոգրաֆիստ Պեդրո Ալմոդովարը ծրագրում է իր կարիերայի ընթացքում առաջին անգամ ֆիլմ նկարահանել անգլերենով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Ռեժիսորի խոսքով՝ ներկայում ինքն աշխատում է մի սցենարի վրա, որը կարող է հիմք ծառայել անգլալեզու ֆիլմի նկարահանման համար։ Ալմոդովարն արդեն համաձայնություն է ձեռք բերել մի ամերիկացի հեղինակի հետ (անունը չի նշվում), որը իսպաներենից անգլերեն կթարգմանի սցենարը։

Ալմոդովարի ֆիլմոգրաֆիան ներառում է 18 լիամետրաժ կինոնկար, որոնք նկարահանված են բացառապես իսպաներենով։ 1999թ. լույս տեսած «Ամեն ինչ մորս մասին» ժապավենը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում արժանացել էր Ամերիկյան կինոակադեմիայի հատուկ մրցանակին։

Ալմոդովարի վերջին ֆիլմը «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ժապավենն է, որտեղ նկարահանվել են Անտոնիո Բանդերասն ու Ելենա Անայան։ Կինոնկարը ներառված էր Կաննի 64-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ռեժիսորը հենց Կաննում է պատմել իր ծրագրերի մասին՝ կապված անգլալեզու ժապավենի հետ։