«Կենաց ծառը» Կաննի 64-րդ կինոփառատոնի հաղթող
Կիրակի երեկոյան Կաննում հայտարարվեցին 64-րդ կինոփառատոնի հաղթողների անունները։ Անակնկալներ չգրանցվեցին. ինչպես և սպասվում էր, կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ Ոսկե արմավենու ճյուղը ստացավ ամերիկացի ռեժիսոր Թերրենս Մալիքի «Կենաց ծառ» ֆիլմը։
Նշանակությամբ երկրորդ մրցանակին՝ Գրան պրիին արժանացան երկու ֆիլմ՝ թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» և Դարդեն եղբայրների «Հեծանվով տղան» ֆիլմերը։
Լավագույն դերասանուհի մրցանակը շնորհվեց Կրիստեն Դանստին փառատոնից վտարված ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլում խաղացած դերի համար։
Ֆրանսիացի դերասան Ժան Դյուժարդեն աժանացավ լավագույն տղամարդու դերի համար մրցանակին՝ Միշել Ազանավիչուսի «Արտիստը» սև-սպիտակ համր ֆիլմում խաղացած դերի համար։
Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակը շնորհվեց ուկրաինուհի Մարինա Վրոդային՝ «Կրոս» ֆիլմի համար։
Լավագույն ֆիլմի սցենար համարմրցանակին արժանացավ իսրայելցի ռեժիսոր Ջոզեֆ Սեդարին՝ «Տողատակ» երաժշտական կատակերգության համար։
Լավագույն ռեժիսոր ճանաչվեց դանիացի Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը, որի «Դրավ» թրիլլերը ապշեցրեց կինոփառատոնի հանդիսատեսին։ Ստանալով մրցանակը՝ Ռեֆնը շնորհակալություն հայտնեց իր պրոդյուսերին, որը, նրա խոսքերով, կարողացել էր ֆիլմի համար ֆինանսավորում ստաալ «ռուս օլիգարխներից»:
Եվ վերջապես լավագույն ռեժիսորական դեբյուտի համար Ոսկե տեսախցիկ մրցանակին արժանացավ արգենտինացի ռեժիսոր Պաբլո Ջորջելին՝ «Ակացիաներ» ֆիլմի համար։










