Ռաբիսը վերևից է պարտադրվում. Սարդարապատը սկսում է մշակութային հեղափոխություն
Մենք այսօր պիտի արարենք այն երկիրը, որը պիտի ունենա այն արժեհամակարգը, որով վաղն ապրեն մեր սերունդները։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը։ «Ռաբիսն այսօր վերևից պարտադրված քաղաքականություն է. ես խորհրդային տարիներին էլ անում էի բեմադրություններ, որ թույլ չէին տալիս ներկայացնել, այսօր էլ նկարահանել եմ ֆիլմեր, որ տանը դրված են, չեն ցուցադրվում. մեծ հաշվով մշակութային ոլորտում բան չի փոխվել»,- նշեց նա։
Ասուլիսին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, մշակութային հարցերի համակարգող Լալա Մնեյանը նշեց մշակութային հեղափոխություն սկսելու իրենց նախաձեռնության մասին։ Ըստ նրա՝ հավաքվելու են մասնագետներ՝ մշակելու համար մշակութային արժեհամակարգ բոլոր ոլորտների համար և որոշակի մշակութային արտադրանքի չափանիշներ, որոնցով էլ կշռվելու է յուրաքանչյուր մշակութային միավոր, մանավանդ՝ Հայաստանն արտերկրին ներկայացնելուց առաջ։ Այդ չափորոշիչների հիման վրա կազմվելու է ծրագիր, որն իրականացվելու է իր շուրջ համախմբված համակիրների ջանքերով։
«Այսօր մենք գցում ենք սերմը, կլինեն մարդիկ, որ կմշակեն այն, կխնամեն, հավատացած ենք, որ կլինեն մարդիկ, որ համակարծիք են մեզ հետ,- նշեց Լալա Մնեյանը։ - Մեզանում մշակութային քաղաքականություն մշակելու և իրականացնելու իրական խնդիր ունենք։ Կան մեր առջև բազմաթիվ մարտահրավերներ, սակայն պետականորեն չեն տրվում դրանց համապատասխան համակարգված գործողություններ»։ Ըստ նրա՝ չկա ծրագիր, որ կնպաստի բարձր արժեքների զարգացմանը։ «Ամենուր եթե թողտվություն է, բացարձակ անտարբերություն և անտեղյակություն, ապա այս ամենը գիտակցողները հապաղելու իրավունք չունեն»,- ասաց նա։
Առաջարկելով հայ մշակութային արժեքների վերականգնմամբ և պահպանությամբ մտահոգ մարդկանց միավորվել մշակութային հեղափոխությունն իրականացնելու համար՝ ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը նշեց. «Առաջարկ անելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ ինքնահրկիզվել։ Սա համազգային, համապետական խնդիր է։ Ապրելով այս դավադիր իրականության մեջ՝ Գալուստ Սահակյանի և Հրաչ Քեշիշյանի ժամանակներում՝ իմ մեջ ընթացել են այս խմորումները շուրջ քսան տարի»,- նշեց նա։
Ռեժիսորը պատմեց, որ երբ ինքը դիմել է առաջատար հեռուստաընկերություններին իր ֆիլմերը ցուցադրելու համար, իրենց պատասխանել են. «Մեզ մշակույթ պետք չի»։
Մշակույթը ներկայացնում է այն երկիրը, որն արարում է այդ երկրում ապրող մարդը՝ ռեժիսորը կոչ արեց ապրել առանց հարմարվելու պարտադրված իրավիճակին։
Ըստ նրա՝ առաքելություն կրելը բոլորիս համար այն մաքուր օդն է, առանց որի շնչահեղձ ենք լինում։ «Այսօր բարձի տակ գլուխները պահած բավական մարդիկ կան. Բայց Էկեք մաքուր օդ ստեղծենք մեր շուրջ»,- եզրափակեց ռեժիսորը։










