Սակարայում զբոսաշրջիկների համար վերաբացվել է 6 դամբարան

11:10 • 24.05.11

Սակարայում՝ Մեմֆիսից ոչ հեռու, մայիսի 23-ին վերականգնողական աշխատանքներից հետո զբոսաշրջիկների այցելությունների նպատակով բացվել է 6 դամբարան։ Վերականգնվածների թվում են Թութանհամոնի գանձապետ Մայայի ու Հորեմհեբ փարավոնի կնոջ դամբարանները։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Բացման արարողությունը կատարել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Զահի Հավասը։ Նրա խոսքով՝ դամբարաններն ամենայն մանրամասնությամբ վերակառուցվել են, իսկ որմնանկարները՝ ծածկվել պլաստիկե էկրաններով։

Սակարայի գերեզմանատունը եգիպտական շատ փարավոնների հուղարկավորության վայրն է։

Ընդհանուր առմամբ՝ Սակարայում կա 11 բուրգ, ինչպես նաև շատ այլ դամբարաններ։ Սակարան ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

2011թ. եգիպտական հեղափոխության ժամանակ Սակարայի որոշ դամբարաններ թալանվեցին, սակայն ցուցանմուշների մեծ մասը չտուժեց ավազակների հարձակումներից։

Ինչպես ավելի վաղ նշվում էր, երեք ամիս տևած հեղափոխության արդյունքում Եգիպտոսի զբոսաշրջային արդյունաբերությունը կրեց 2,27 միլիարդ դոլարի վնաս։