«Ոսկե ծիրան» կինոփառատոնին ավելացել է «Կորիզը»
Այս տարի «Ոսկե ծիրանը» հատուկ պետք է մի հատված նվիրի Հայաստանի անկախության 20-ամյակին։ Այդ ծրագրում կցուցադրվեն Հայաստանի ու հայերի մասին ֆիլմեր, որոնք նկարահանվել են արտասահմանցիների կողմից։ Այս մասին այսօր ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ բացելով «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ փառատոնի առաջին տոնական ասուլիսը։
«Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը կարևորեց կինոփառատոնի ավանդական դարձած ձևաչափերին կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի՝ «Կորիզի» ավելացումն ու անվանի կինոգործիչների այցելություններն ու շփումը։ Ռեժիսորը կարևորեց նաև փառատոնի այցերը հեռավոր մարզեր ու շրջաններ՝ խոստանալով ընդյալնել փսռատոնի ընդգրկման ծավալները։
Խաչատրյանը Հասմիկ Պողոսյանին ու փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հանձնեց հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցին նվիրված գրքեր, որոնց շնորհանդեսը պետք է տեղի ունենա «Ոսկե ծիրանի» շրջանակում։ Նա հայտնեց, որ փառատոնի շրջանակում բացվելու է նաև Մանթաշյանցի արձանը Աբովյան փողոցում։
Կինոռեժիսորը ցավով նշեց, որ փառատոների թվաքանակի մեծացմանը զուգահեռ նվազում է կինոթատրոնների թիվը Երևանում։ Նա ստեղծված իրավիճակը բնորոշեց որպես «ողբերգական, որի ելքը չենք կարողանում գտնել»։
«Ստիպված ենք նաև DVD կամ թվային որակով ցուցադրել տարբեր տեղեր՝ և՛ ՆՓԱԿ-ում, և՛ Թատերական ինստիտուտում, և՛ Տիկնիկայինում ու «Նարեկացի» կենտրոնում, բայց ինչ խոսք, դա այն կինոն չէ, բայց ինֆորմացիայի, քնարկումների համար տեղը վատ չէ»,- ասաց Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ Երևանի քաղաքապետարանը կօգնի հնարավորության սահմաններում լուծել այդ հարցը։
Կինոփառատոնի օրերին ֆիլմերը կցուցադրվեն ՆՓԱԿ-ում, «Նարեկացի» արվեստի միությունում, Տիկնիկային թատրոնում։
Կինոփառատոնի շրջանակում Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կցուցադրվեն դասական ու ժամանակակից ֆիլմեր, անդրադարձ կլինի նաև կինոգործիչներ Ռոման Բալայանի 70, Էդմոնդ Քյոսայանի 75 և Դմիտրի Կեսայանցի 80-ամյակներին։
1-ին «Ոսկե ծիրանին» մասնակցել է 11 երկիր (մասնակցության 122 հայտ), իսկ այս տարի կինոփառատոնին կմասնակցի 57 երկիր (600 հայտով)։
Փառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։










