Մեքսիկայում մահացել է վերջին սյուրռեալիստուհի Լեոնորա Քարինգթոնը

18:45 • 28.05.11

Մեքսիկայում նախօրեին 94 տարեկանում շնչուղիների հիվանդությունից մահացել է քանդակագործ, նկարիչ Լեոնորա Քարինգթոնը, որը համարվում էր սյուրռեալիստների առաջին սերնդին պատկանող նկարիչների կենդանի մնացած վերջին ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Քարինգթոնը Անդրե Բրետոնի, Սալվադոր Դալիի, Մարսել Դյուշանի ու Ժոան Միրոյի հետ համարվում է նկարչության մեջ սյուրռեալիստական ուղղության հիմնադիրներից մեկը:

Նրա կյանքը լի է եղել դրամատիկ իրադարձություններով: Նկարչուհին ծնվել է Մեծ Բրիտանիայում 1917թ. արիստոկրատների ընտանիքում: Նկարել սկսել է մանկուց, առաջին անգամ ցուցադրվել է 1938թ. Փարիզում ու Ամստերդամում:

1939թ. նրա սիրեկան, նկարիչ Մաքս Էռնստի (26 տարի մեծ էր նկարչուհուց) ձերբակալությունից հետո Քարինգթոնը Փարիզից մեկնում է Մադրիդ ու հայտնվում հոգեբուժարանում, որտեղից փախչում է Պորտուգալիա: Այդտեղ էլ նկարչուհին ամուսնանում է մեքսիկացի պոետ ու լրագրող Ռենատո Լեդուկի հետ, որի հետ 1942թ. մեկնում է Մեքսիկա ու ամբողջ կյանքն ապրում այնտեղ:
Այստեղ նա ընկերանում է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի, գրականության ոլորտում նոբելյան մրցանակակիր, պոետ Օկտավիո Պասի ու ռեժիսոր Ալեխանդրո Խոդորկովսկու հետ:

Նա նաև պատմվածքների, էսսեների ու բանաստեղծությունների հեղինակ է, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում: