3D անիմացիա Օպերայի շենքի վրա, ամֆիթատրոն՝ շենքի դիմաց. մանրամասներ ԳՈՀԱՐԻ շոուից (տեսանյութ)

14:05 • 30.05.11

Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյանի

Մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում կայացած «ԳՈՀԱՐ–ը Հայաստանի աստղերի հետ» համերգի կազմակերպիչները միայն դրական արձագանքներ են ստացել: «Մենք չէ, որ պետք է գնահատենք համերգի արդյունքները, դա պետք է անի ժողովուրդը: Այն, ինչ մենք արեցինք, մեծամաշտաբ աշխատանք էր, և , հուրախություն մեզ, մենք ստացել ենք միայն դրական արձագանքներ, ինչի համար շնորհակալ ենք: Մարդիկ կային, որ նշել են, «նման տոն Երևանում երբեք չէր եղել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «ԳՈՀԱՐ-ը Հայաստանի աստղերի հետ» համերգի կազմակերպիչ «Դոմինո Փրոդաքշն» ընկերության համահիմնադիր Արամ Հարությունյանը:

Խոսելով համերգի կազմակերպական աշխատանքների մասին՝ Հարությունյանը նշեց, որ ԳՈՀԱՐ-ի համերգներն աշխարհի տարբեր երկրներում անցել են բացառիկ խանդավառությամբ ու ճոխությամբ, ու Հայաստանում համերգ կազմակերպելու համար իրենք արել են ամեն ինչ լավ արդյունքներ ստանալու համար: Համերգի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են ամիսներ առաջ, արվել է հսկայական աշխատանք՝ մենակատարների բոլոր երգերը գործիքավորվել էին սիմֆոնիկ նվագախմբի համար, յուրաքանչյուր կատարումների համար ապահովվել էին պարային բեմադրություններ, լուսային էֆեկտներ, 3D անիմացիա: Համերգի կազմակերպման համար մասնագետներ են հրավիրվել աշխարհի տարբեր երկրներից՝ Լիբանանից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից: Համերգի որակյալ ձայնն ապահովել էր գերմանական «Պինգվին» ստուդիան, իսկ նկարահանման ռեժիսորը Բրիտանական մրցանակաբաշխության ռեժիսոր Ֆիլ Հայեսն էր...»,- պատմեց Արամ Հարությունյանը:

Արամ Հարությունյանն ընդգծեց, որ համերգի կազմակերպման աշխատանքներին իր կարևոր ու գնահատելի մասնակցությունն է բերել HAYASA ընկերությունը: Իսկ բոլոր գործերն իրականացվել են ԳՈՀԱՐ-ի հիմնադիր ու մեկենաս Խաչատուրյան ընտանիքի աջակցությամբ ու հոգատարությամբ:

Ի դեպ, համերգին հետևող 3.500 հանդիսականների համար Ազատության հրապարակում ամֆիթատրոն է հավաքվել, իսկ հրապարակում տեղադրված մեծ էկրանների միջոցով տասնյակ հազարավոր մարդիկ նույնպես կարողացան հետևել համերգի ընթացքին:

Օպերայի շենքի վրա 3D անիմացիա ցուցադրելու համար երկար աշխատանքներ են կատարվել:

Մեր հարցին, թե որքան գումար է ծախսվել համերգի կազմակերպման համար, Արամ Հարությունյանը պատասխանեց` «Հավատացեք` կարևորը գումարը չէ, այլ ցանկությունը` գեղեցիկ ու ճաշակով համերգ կազմակերպելու»:

«Դոմինո Փրոդաքշընի» համահիմնադիրը նշեց, որ «Գոհարի» բոլոր համերգները վերածվել են DVD -ների և անվճար տարածվել աշխարհասփյուռ հայկական դպրոցներում: «Մինչ այժմ ԳՈՀԱՐ-ի նախորդ համերգների` ավելի քան 25 հազար DVD-ներ են տարածվել»,- նշեց նա: