Փոլ Մակ-Քարտնին մրցույթ է հայտարարել

09:15 • 30.05.11

The Beatles լեգենդար խմբի նախկին անդամ Փոլ Մակ-Քարտնին Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով հայտարարել է իր Maybe I'm Amazed կոմպոզիցիայի քավըրի օնլայն մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ձայնագրել Maybe I'm Amazed-ի սեփական տարբերակը ու այն որպես վիդեոֆայլ տեղադրել YouTube-ում: Հաղթող կճանաչվի այն տեսաերիզը, որը քվեարկության ժամանակ ամենից շատ կստանա «Ինձ դուր է գալիս» (Like) ձայները:

Մայիսի 26-ին մեկնարկած մրցույթը կշարունակվի մինչև հունիսի 23-ը: Դրան կմասնակցեն միայն այն ձայնագրությունները, որոնք կբեռնվեն վերոնշյալ ժամանակահատվածում: Հաղթողին կտրվի Մակ-Քարտնիի` դելյուքս տարբերակով վերաթողարկված ալբոմները (McCartney, McCartney II ևBand On The Run):

Սա YouTube-ում երգչի կողմից հայտարարվող արդեն երկրորդ մրցույթն է: 2010թ. երգիչները մրցում էին կատարողի մեկ այլ հիթի` Band On The Run-ի քավըր (cover) տարբերակով կատարման համար:

Maybe I'm Amazed երգն առաջին անգամ ձայնագրվել է 1970թ. McCartney ալբոմի համար: Երգիչն այն ձայնագրել էր The Beatles-ի բաժանումից առաջ ու նվիրել իր կնոջը`Լինդային: