Pink Floyd-ը չի վերամիավորվի

17:51 • 30.05.11

Լեգենդար Pink Floyd խմբի նախկին անդամ Ռոջեր Ուոթերսը հերքել է խմբի վերամիավորման մասին լուրերը։ Երաժիշտն իր տեսակետը բարձրաձայնել է BBC Radio-ի եթերում։

Ուոթերսի խոսքով՝ ինքը չի ցանկանում կրկին դառնալ խմբի անդամ։ Ընդ որում՝ նա ընդգծել է, որ չի զղջում խմբում անցկացրած իր տարիների համար, նշել է, որ հաճույքով է աշխատել իր գործընկերների հետ և բարձր է գնահատում խմբի գործունեությունը։

Pink Floyd-ի վերամիավորման մասին լուրերը մամուլում շրջանառվեցին մայիսի 12-ին Լոնդոնի O2 Arena մարզադաշտում Ռոջեր Ուոթերսի The Wall Live համերգից հետո, երբ մեկ բեմի վրա հայտնվեցին խմբի կենդանի մնացած բոլոր երաժիշտները։

Ուոթերսը ու Գիլմորը միասին կատարեցին Comfortably Numb երգը, իսկ Outside the Wall երգի ժամանակ նրանց միացավ նաև Նիկ Մեյսոնը։

2010թ. Ուոթերսը ու Գիլմորը միասին ելույթ էին ունեցել HOPING (Hope and Optimism for Palestinians in the Next Generation) հիմնադրամի կազմակերպած բարեգործական համերգի ժամանակ։

Pink Floyd-ի փլուզումից հետո երաժիշտները միասին մեկ բեմում ելույթ ունեցան 2005թ։ Այդ ժամանակ Ուոթերսին ու Գիլմորին միացան Մեյսոնն ու Ռիչարդ Ռայթը, ով մահացավ 2008թ.։