Warner Brothers-ն այլևս ֆիլմեր չի նկարահանի Բեթմենի մասին

19:47 • 31.05.11

Warner Brothers-ը դադարեցնում է Բեթմենի մասին ֆիլմերի նկարահանումը։

Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանն արդեն սկսել է «Սև ասպետի վերածնունդը» ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Ֆիլմը կլինի Բեթմենի մասին պատմող վերջին ֆիլմը։

Բեթմենի մասին պատմող այս վերջին ֆիլմում նրան կմարմնավորի օսկարակիր Քրիստիան Բեյլը («Մարտիկը» ֆիլմից)։ Ժապավենում հանդիսատեսը դարձյալ կտեսնի Մայքլ Քեյնին, Գարի Օլդմանին, Մորգան Ֆրիմենին։ Ֆիլմում նկարահանվելու են նաև Էնն Հեթեուեյը, Թոմ Հարլին, օսկարակիր Մարիոն Կոտիարը և Ժոզեֆ Գորդոն-Լևիտը։

«Սև ասպետի վերածնունդը» սցենարը գրել է Ջոնաթան Նոլանը Քրիստոֆեր Նոլանի ու Դեյվիդ Գոյերի սյուժեի հիման վրա։
Ժապավենի հեղինակները առայժմ գաղտնի են պահում ֆիլմի սյուժեն։ Ֆիլմը նկարահանվելու է 3 մայրցամաքում՝ նկարահանման տաղավարներ են կառուցվելու ամերիկյան Պիտսբուրգ, Նյու Յորք ու Լոս Անջելես քաղաքներում, նաև Հնդկաստանում, Անգլիայում, Շոտլանդիայում։ .

Ժապավենը համաշխարհային վարձույթ դուրս կգա 2012թ. հուլիսին Warner Bros. ընկերության կողմից։

Բոբ Քեյնի կոմիքսներն էկրանավորվեցին 1940-ական թվականներից Մեծ Բրիտանիայում ու Ամերիկայում։ Մինչ օրս էլ դրանք մեծ ժողովրդականություն են վայելում։

Բեթմենի մասին նախորդ ֆիլմերն («Բեթմեն. սկիզբ» և «Սև ասպետը») իրենց ստեղծողներին բերել են 1,3 միլիարդ դոլար շահույթ։