Գիտության զոհերը սրբերին կգժտեցնեն մեծ էկրանին. «Թափառումի» պրեմիերան՝ հունիսի 3-ին (տեսանյութ)

16:21 • 31.05.11

Հայաստանում առաջին ռոք-օպերա ֆիլմի՝ «Թափառում»-ի պրեմիերան տեղի կունենա հունիսի 3-ին «Մոսկվա»կինոթատրոնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի պրոդյուսեր, կոմպոզիտոր և լիբրետիստ Արամ Սուքիասյանը նշեց, որ սա առաջին ֆիլմն է տարածաշրջանում, որի մեջ այսքան մեծ տեղ է տրվել եռաչափ գրաֆիկային։

Ըստ նրա՝ «զարմանալի վայրիվերումներով, սրբերի առկայությամբ» այս ֆիլմը երկրի և երկնքի խաչուղում մոլորված մարդու ողբերգությունն է՝ բավական արդիական այսօրվա մարդու համար։ Սա մի մարդու մասին է, ով վթարի ենթարկվելով՝ տեղափոխվում է հիվանդանոց, ուր նրա ուղեղը փոխպատվաստում են մի այլազգու։

Այս մարդը մեռնում է, սակայն նրա հոգին չի ընդունվում՝ նրան մերժում են՝ ասելով, թե քո մի մասնիկը դեռ ապրում է։ Նա մնում է երկրի ու երկնքի խաչմերուկում, մինչ այլազգին, որ սկսել էր «ցնդած մտքեր ասել ինչ-որ ցեղասպանության» մասին, մերժում է ստանում իր սիրեցյալից, չի ընդունվում իր հարազատների կողմից ու ի վերջո հասնում է խելագարության։

Ըստ Սուքիասյանի՝ զավեշտի միջոցով ստեղծագործական խումբը նպատակ է դրել ներկայացնել անհանդուրժելի մեղքերի, գիտության ոչ աստվածահաճո մղումների, տմարդի այլասերվածության արդյունքում մարդկային կոտրված ճակատագրերի ողբերգությունը։ Ի վերջո, գիտության զոհ այս երկու տառապյալները երկնքի ու երկրի միջև «ինքնագործունեություն են ծավալում», սրբերին գժտեցնում։

Tert.am-ի այն հարցին, թե պատրա՞ստ են արդյոք դիմագրավել աստվածաբանների քննադատությանը՝ բեմադրող ռեժիսոր Արշալույս Հարությունյանը պատասխանեց, որ պատրաստ են դիմագրավել ցանկացած քննադատության։ «Սա նոր ասելիք է մեր իրականության մեջ, իսկ հայերը նորի նկատմամբ միշտ էլ անհանդուրժող են լինում. հիմա համացանցում քննարկում գնում է այս ֆիլմի մասին, և մարդիկ, դեռ ֆիլմը չտեսած, պատկերացում անգամ չունենալով ամենատարօրինակ կարծիքներ են հայտնում»,- ասաց նա։

«Բացի այդ, մեր բարեկամ հոգևորականները սցենարին ծանոթ են, և ես չեմ կարծում, թե լուրջ քննադատության առիթ լինի»,- նշեց Արամ Սուքիասյանը։

Ֆիլմը նկարահանվել է Ազգային կինոկենտրոնի և «Ազգ» մշակութային կենտրոնի համաֆինանսավորմամբ։ Նկարահանումները տևել են 53 օր, համակարգչային մշակումը՝ շուրջ մեկուկես տարի։ «Դա հսկայական աշխատանք էր՝ ռոք երաժիշտների, սիմֆոնիկ նվագախմբի ձայնագրություններ, եռաչափ գրաֆիկական աշխատանք... ֆանտաստիկ էր՝ սկսած գաղափարից»,- նշեց բենադրող ռեժիսորը։

Նա նշեց, որ ազգային թեման այս ֆիլմում կա, սակայն ստանդարտներից դուրս է, իսկ վերջաբանի սպասելիս պետք չէ ակնկալել հոլիվուդյան happy end: