Սալվադոր Դալիի հիմնադրամը ռեկորդային՝ 11,14 միլիոն դոլար է վճարել նկարչի կտավի համար

06:57 • 01.06.11

«Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը ռեկորդային գումար է վճարել իսպանացի սյուրռեալիստի կտավի համար։ Այս մասին գրում է իսպանական El Pais պարբերականը։

Հիմնադրամը «Բնանկար խորհրդավոր տարրերով» կտավը ձեռք է բերել 7,8 միլիոն եվրոյով։ 1934թ. ստեղծված կտավի չափը 72,8 x 59,5 սանտիմետր է։ Նկարը գնվել է մասնավոր անձի կողմից, որը չի ցանկացել հայտնել իր անունը։ Կտավի վրա պատկերված է հոլանդացի նկարիչ Յան Վերմեերը «խորհրդավոր բնանկարը» նկարելիս, իսկ հետին պլանում Դալին պատկերել է իրեն՝ մանուկ հասակում։

Այս տարի սա հիմնադրամի գնած երկրորդ կտավն է։ Մարտին 4,7 միլիոն եվրոյով ձեռք էր բերվել «Մեղրը արյունից քաղցր է» աշխատանքը, որը «Բնանկար խորհրդավոր տարրերով» կտավի հետ կցուցադրվի Ֆիգերասում՝ Սալվադոր Դալիի թանգարանում։

Ի տարբերություն 20-րդ դարի մյուս նկարիչների՝ Դալիի աշխատանքները համեմատաբար ցածր գումարով են վաճառվում։
Երկար ժամանակ նրա աշխատանքների արժեքը չի գերազանցել 10 միլիոն դոլարը։ Փոփոխություն նկատվեց միայն 2011թ. փետրվարին, երբ «Փոլ Էլյուարի դիմանկարը» Sotheby's աճուրդում վաճառվեց 21,6 միլիոն դոլարով։