Մարտին Սկորսեզեն կէկրանավորի Էլիզաբեթ Թեյլորի ու Ռիչարդ Բերտոնի կյանքի պատմությունը
Մարտին Սկորսեզեն ֆիլմ կնկարահանի Էլիզաբեթ Թեյլորի ու Ռիչարդ Բերտոնի մասին։ Ֆիլմը կնկարահանի Paramount ընկերությունը։ Սցենարի հիմքում ընկած է Սեմ Կաշների ու Նենսի Շոնբերգերի «Կատաղի սեր» (Furious Love) վեպը։ Ավելի վաղ ընկերությունն արդեն Բերտոնի այրի Սալլի Խեյից ստացել էր դերասանի անձնական արխիվի մի մասն ուսումնասիրելու իրավունք։
Բերտոնը և Թեյլորը ծանոթացել են «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ, որտեղ 29-ամյա դերասանուհին մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն։ Այդ ժամանակ երկուսն էլ ամուսնացած էին, ընդ որում, դա Թեյլորի 4-րդ ամուսնությունն էր։ Պաշտոնական Վատիկանի կողմից քննադատության արժանացած սիրային կապը պապարացիների շնորհիվ երկար ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում էր։
Նրանց հարաբերությունները խաղաղ անվանել չի կարելի։ 1964թ. աստղային զույգն ամուսնացավ, 10 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվեց, իսկ 16 ամիս հետո Թեյլորն ու Բերտոնը դարձյալ ամուսնացան։ Այս ամուսնությունը տևեց 1975թ. հոկտեմբերից մինչև 1976թ. հուլիսը։ Անցած դարի 70-ականներին Էլ. Թեյլորը և Ռ. Բերտոնը եղել են տարաբնույթ սկանդալների կենտրոնում։
Ներկայում Մարտին Սկորսեզեն աշխատում է մի քանի նախագծերի վրա։ Այսպես, Կաննի կինոփառատոնում հայտնի դարձավ, որ նա Լարս ֆոն Տրիերի հետ նկարահանելու է «Հինգ խոչընդոտ» ֆիլմի շարունակությունը։ Բացի այդ՝ մշակման փուլում է «Լռություն» դրաման, որը նկարագրելու է 17-րդ դարում Ճապոնիայում քրիստոնեություն դավանող բուդդիստների կյանքը։










