Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դաշնամուրի և կոմպոզիցիայի անվանակարգերում մեկնարկում է այսօր
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեկնարկում է այսօր՝ աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։ Մրցույթից առաջ մասնակիցներն ավանդաբար մեծն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Այս տարի մրցույթն անցկացվելու է 7-րդ անգամ և առաջին անգամ՝ դաշնամուր և կոմպոզիցիա անվանակարգերում: Մասնակցելու են 47 երաժիշտ` 36 դաշնակահար (16-32 տարեկան) և 11 կոմպոզիտոր (առանց տարիքային սահմանափակման) ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից:
Դաշնակահարների մրցույթն անցկացվելու է երեք փուլով` հունիսի 7-8-ին, հունիսի 10-ին և հունիսի 12-ին։ Ժյուրին կնախագահի Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր, ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը՝ Հայաստանից, իսկ կազմում կլինեն Մոսկվայի Պ. Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Հայրապետյանը, ՄքԳիլլ համալսարանի երաժշտական դպրոցի դաշնամուրային ֆակուլտետի դոցենտ Սարա Լայմանը Կանադայից, Պեկինի կենտրոնական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դոցենտ Պան Չուն Չինաստանից, «Հարրիսոն Փերրոթ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ջասփեր Փերրոթը Մեծ Բրիտանիայից, Ղազախստանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Ժանիա Աուբակիրովան Ղազախստանից և Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Ռուստեմ Հայրուդինոֆը Մեծ Բրիտանիայից։
Կոմպոզիտորների մրցույթն անցկացվելու է մեկ փուլով, և այս ժյուրին կնախագահի Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Ժյուրիի կազմում են Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազենինը, Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Կախա Ցաբաձեն և Ղրղզստանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Մուրաթբեկ Բեգալիևը։
1-ին մրցանակն է 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և դափնեկրի դիպլոմ Համերգ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 2011-2012 թթ. Համերգաշրջանում, 2-րդ մրցանակը` 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և դափնեկրի դիպլոմ, 3-րդ մրցանակը` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և դափնեկրի դիպլոմ։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներն, ովքեր չեն դառնա մրցանակակիր, կպարգևատրվեն մասնակցության դիպլոմով և 2000- ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարով: Կոմպոզիցիա մասնագիտության 1-ին մրցանակը` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և դափնեկրի դիպլոմն է։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին` ժ.19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացման արարողությանը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
Նշենք, որ մրցույթն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ: Մրցույթի կազմակերպիչներն են` ՀՀ Մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մրցույթի գլխավոր գործընկերն է` ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:










