«Մթնշաղ» ֆիլմն ստացել է MTV Movie Awards-ի գլխավոր մրցանակը
ԱՄՆ-ում հայտարարվել են MTV Movie Awards 20-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները։ Մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսում հունիսի 5-ի երեկոյան։
Երեկոյի զարդը դարձել է «Մթնշաղ» վամպիրական սագայի 3-րդ՝ «Խավարում» մասը։ Ընդհանուր առմամբ՝ ժապավենն ստացել է 5 «փոփ-կորնի բաժակ» և հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Բացի այդ՝ «Մթնշաղ» ֆիլմի ու ամբողջ սագայի գլխավոր հերոսները՝ Ռոբերտ Փաթինսոնն ու Քրիստեն Ստյուարտը, համապատասխանաբար ճանաչվել են «Լավագույն դերասան» ու «Լավագույն դերասանուհի»։ Նրանց է շնորհվել նաև «եթերային լավագույն համբույրի» համար մրցանակը։
«Ամենացնցող տեսարան» (Best Jaw Dropping Moment) անվանակարգում մրցանակը շնորհվել է փոփ երգիչ Ջասթին Բիբերին Never Say Never կատարման համար։ «Հարրի Փոթեր և մահվան շնորհները, մաս I» ֆիլմի հերոսներից մեկին մարմնավորած Թոմ Ֆելթոնը մրցանակ է ստացել որպես «Տարվա չարագործ»։ «Ամենասարսափելի պահ» է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբը» ֆիլմում Էլեն Փեյջի մասնակցությամբ հատվածը։
«Տարվա հայտնություն» ու «Ամենազիլ աստղ» է ճանաչվել 14-ամյա Քլոյա Մորեցը, իսկ «Սերունդների ճանաչում» (MTV Generation Award) մրցանակը շնորհվել է Ռիզ Ուիզերսփունին։
Ընդհանուր առմամբ՝ MTV կինոմրցանակների արարողությունն առանց անակնկալների չի անցել։ Հիմնական մրցանակները շնորհվել են անցած տարվա հաթող ճանաչված ֆիլմերին ու դերասաններին։ Այսպես, «Մթնշաղ» շարքից ֆիլմերը 2009-2010թթ. ստացել են MTV-ի 5 մրցանակ։ Իր հերթին, Թոմ Ֆելտոնը երկրորդ անգամ է ստանում «Տարվա չարագործ» մրցանակը։










