Քեմերոնն իր հերթական գլուխգործոցի գաղափարը կբերի Լուսնից
Կանադացի հայտնի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը՝ «Ավատար» ֆիլմի հեղինակը, հնարավոր է՝ դառնա 2015թ. Լուսին թռչող 2 տիեզերական զբոսաշրջիկներից մեկը։ Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ նա Լուսին է թռչելու ռուսական «Սոյուզ» տիեզերանավով։
2011թ. հունվարին Space Adventures ընկերությունը հայտարարեց, որ մասնավոր անձի է վաճառել Լուսնի շուրջ ուղեւորության առաջին՝ 150 միլիոն դոլար արժողությամբ տիեզերական տոմսը։ Ընկերության ներկայացուցիչները դեռ չեն հրապարակել տոմսի գնորդի անունը, միայն նշում են, որ նա շատ հայտնի անձնավորություն է։
Քեմերոնի՝ տիեզերք թռչելու մտադրության մասին լուրերը շրջանառվում են դեռ 2000 թվականից։ Այդ ժամանակ նշվում էր, որ ռեժիսորը Ռուսաստանի բժշկական ու բիոլոգիական խնդիրների ինստիտուտում բժշկական զննություն է անցել։
Քեմերոնը վաղուց է հետաքրքրվում տիեզերքով։ Մասնավորապես, նա NASA-ին համոզել էր տեղադրել նոր սերնդի Curiosity եռաչափ տեսախցիկ, որը վայրկյանում 10 կադր է լուսանկարում։










