Հայաստանյան ռոքն ունի լսված լինելու խնդիր
Road Movie ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Հենրիխ Կարագյոզյանը «Կապիտալ» թերթի հետ զրույցում ասում է, որ հայկական ռոք երաժշտությունը հիմնականում դյուրին մուտք չունի ռադիո և հեռուստատեսություն:
-Ինչպե՞ս ծագեց ռոք խումբ ստեղծելու գաղափարը:
-Նվագել եմ դեռ մանկուց: Երկար ժամանակ նվագել եմ 1990-ական թթ. սկզբին հիմնադրված The Kings՚ Cross խմբում։ Սկզբում նվագում էինք «Բիթլզ», հետո սկսեցինք մեր գործերը նվագել: Ցավոք, այդ խումբն այն ուղղությամբ չգնաց, որն ուզում էի։ Ի վերջո, տարբեր պատճառներից ելնելով, խումբը քանդվեց: 2008թ. ամռանը մի քանի ընկերներով որոշեցինք ստեղծել մի խումբ, որը կարտացոլեր բոլոր այն մտքերն ու երաժշտական ցանկությունները, որ նպատակ ունեինք հաղորդակից դարձնել մարդկանց: Նույն թվականի աշնանը սկսեցինք փորձերը, ամբողջական ծրագիր կազմեցինք: Նախ որոշվեց, որ կատարենք միայն մեր ստեղծագործությունները: Հայկական ռոք խմբերին բնորոշ էր հայտնի խմբերի երգեր կատարելը: Դա մեր խմբերի թույլ տեղն էր: 1990-ականներին հայաստանյան շատ ռոք խմբեր ակումբային ելույթների ժամանակ իրենց ծրագրի գրեթե կեսում ռոք ստանդարտներ էին կատարում: Սակայն մեր խմբերը հիմա կարծես հրաժարվում են դրանից, ինչը շատ ուրախալի է։
-Ինչո՞ւ որոշեցիք խումբն անվանել Road Movie:
-Եթե կյանքը դիտարկենք այն տեսանկյունից, որ այն ճանապարհ է մեկ կետից մյուսը, իսկ ավելի կոնկրետ` ծնունդից մինչև մահը, կարող եմ ասել, որ մեր երգերն այդ ճանապարհի արտացոլումն են: Երգերի միջոցով փորձում ենք արտահայտել կյանքի գիտակցումը, գտնել ճիշտ ապրելու, արդար մնալու, մաքուր լինելու ձևերը: Հիմա զբաղված ենք ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներով: Հուսով եմ` մոտ ապագայում կավարտենք ու կհանձնենք հանրության դատին: Ցավոք, ինտերնետը մնում է հայկական ռոք խմբերը գովազդելու և ներկայացնելու հիմնական միջոցը:
-Road Movie-ն ի՞նչ լեզվով է մատուցում իր երգերն ունկնդրին:
-Երգերի հիմնական լեզուն անգլերենն է, չնայած այս վերջերս մի նոր երգ ներկայացրինք հայերենով: Երգը կոչվում է «Քեֆչիներ», որի հիմքում ընկած է «Քեֆ անողին քեֆ չի պակսի» ասացվածքը: Քանի որ ռոքի այն մասը, որ մանկուց լսել ենք, եղել է անգլերենով գրված, դժվար է լեզվական այդ տարրը կոտրել: Ես մինչ օրս էլ կարծում եմ, որ անգլերենն ավելի շատ է սազում ռոքին:
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է Road Movie-ին բնորոշ երաժշտությունը:
-21-րդ դարում արդեն դժվար է ոճային սահմանում տալ երաժշտությանը, որովհետև այնքան բան է արվել երաժշտության մեջ, ու այնքան տարբեր ոճեր են միախառնված, որ դժվար է որոշել, թե ինչ ոճի ես պատկանում: Մենք անվանում ենք մեր ոճը էկլեկտիկ ռոք, որովհետև այն տարբեր ժանրերի միախառնում է` ջազ էլ կա, բլյուզ էլ, երաժշտական այլ ուղղությունների տարրեր էլ: Ընդհանրապես, ճիշտ է, որ լսողն ինքը որոշի` ինչ ոճ է: Կարող եմ ասել, որ մենք առաջին հայկական ռոք խմբերից ենք, որ սաքսոֆոնը բերեցինք ռոք երաժշտություն որպես լիարժեք գործիք: Մեզ մոտ սաքսոֆոնը հավասարազոր է մյուս բուն ռոքային գործիքներին` կիթառին, բասին ու հարվածայիններին։
-Ի՞նչն է պատճառը, որ ռոքը դուրս է մղված եթերից:
-Հայկական ռոք երաժշտությունը հիմնականում դյուրին մուտք չունի ռադիո և հեռուստատեսություն։ Հանրությունն ունի երաժշտական որոշակի ձևավորված ճաշակ, և երաժշտական շուկան արդեն փորձում է դրան համահունչ շարժվել: Հարցն այն է, որ եթե հեռուստատեսությամբ ռոք հնչեր, մարդիկ գուցե լսելով ձգտեին դեպի այդ երաժշտությունը: Իհարկե, կան խմբեր, որոնք վերջերս սկսել են հնչել հեռուստատեսությամբ, բայց միևնույն է, տոկոսային հարաբերությամբ շատ քիչ է: Ամեն ոճ պետք է իր տեղն ունենա ու մրցունակ լինի։ Երկար տարիներ ռոքը երկրորդ պլանում է եղել։ Ռոքը հնարավորություն չի ունեցել լիարժեք ինքնադրսևորվել: Ես չեմ ասում՝ թող գան, օգնեն մեզ, պարզապես եթե շուկան հնարավորություն տա դրանով զբաղվել ու փող աշխատել, հիանալի կլիներ:
Խնդիրներից մեկն էլ այն է, որ հայկական ռոք խմբերի մեծ մասն ինքնաֆինանսավորմամբ է գոյատևում: Ռոք խմբերը չեն կարողանում կամ դժվարությամբ են դուրս գալիս երկրից, մասնակցում փառատոների։
-Ի՞նչ վիճակում է ռոքը Հայաստանում:
- Վերջին 10-15 տարում ռոքն աշխուժացել է: Կան շատ երիտասարդ խմբեր, որոնց որակը բարձրացել է։ Ուրախալի է, որ արդեն երկու տարի (2009-2010 թթ.) է, ինչ ռոքը ներգրավված է Էրեբունի-Երևան տոնակատարությունների միջոցառումների շրջանակում: Հայաստանյան ռոք խմբերն ունեն հանրության կողմից լսված լինելու խնդիր: Ռոք հանրությունն այնքան էլ մեծ չէ: Ռոք լսողներ կան, որ գալիս են համերգների, բայց մարդկանց թիվը փոքր է:
-Ինչո՞ւ է ռոք երաժշտությունը զուգակցվում բացասականի հետ:
-Չիմացության պատճառով, որը եկել է խորհրդային ժամանակներից, երբ ռոքը զուգակցվում էր ագրեսիայի հետ: Դա իրականության հետ կապ չունի: Ռոքը 20-րդ դարի երաժշտության կարևորագույն մասերից է՝ սկսած 1960-ականներից։ Ռոք երաժշտությունը, ինչպես արվեստը, սահմանում չունի: Ինձ համար ռոքն անկեղծություն է, ինչպես արվեստի մյուս տեսակները:










