Լույս տեսնելուց մեկ տարի առաջ Սթիվ Ջոբսի կենսագրությունը բեսթսելլեր է դարձել

14:49 • 08.06.11

Apple ընկերության նախագահ Սթիվ Ջոբսի կենսագրությունը Amazon.com կայքի ինտերնետ-խանութում բեսթսելլեր է դարձել, չնայած գիրքը պաշտոնապես լույս կտեսնի միայն հաջորդ տարի։ Այդ մասին հաղորդում է France-Presseժ-ը։

Ուոլտեր Իսաակսոնը՝ գրքի հեղինակը, նախկինում Time ամսագրի առաջատար խմբագիրներից է եղել։ Նա Բենջամին Ֆրանկլինի, Ալբերտ Էյնշտեյնի ու Հենրի Քիսինջերի կենսագրական գրքերի հեղինակն է։

Իսաակսոնը Ջոբսի կենսագրության վրա աշխատում է 2009-ից։ iSteve: The Book of Jobs-ը Ս.Ջոբսի մասին առաջին պաշտոնական կենսագրականն է։ Նրա նախորդ 2 կենսագրական գրքերը գրվել են առանց հեղինակի համաձայնության։

Amazon.com-ում գրքի պատվերներն ընդունվում են 2011թ. հունիսի 5-ից։ Գիրքը վաճառքի դուրս կգա 2012թ. մարտի 6-ին։

Ս.Ջոբսն Apple-ը հիմնադրել է 1976թ. իր ընկերոջ՝ Սթիվ Վոզնյակի հետ։ Սկզբնական շրջանում ընկերությունն արտադրում էր միայն համակարգիչներ։ Ներկայում, բացի iMaс մոնոբլոկերից ու MacBook նոութբուքներից, Apple-ն արտադրում է iPod փլեյերներ, iPhone սմարթֆոններ ու iPad պլանշետներ։

Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 1997-ից։