Ֆրիդա Կալոյի 1200 աշխատանքները կեղծված են
Մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի՝ մասնավոր հավաքածուում պահվող ավելի քան հազար աշխատանքներ փորձագետների կողմից ճանաչվել են կեղծված։ Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
Կեղծված աշխատանքները պատկանում են մեքսիկացի հայտնի գալերիստ ու արթ-դիլեր Կառլոս Նոյոլային ու նրա տիկնոջը։
1,2 հազար կտորից բաղկացած հավաքածուն, ներառյալ նկարները, էսքիզները ու նամակները, Նոյոլան ձեռք է բերել 2005 թվականին։
Փորձագետների կարծիքով՝ Նոյոլայի՝ Սան Միգել դե Ալիենդե քաղաքի թանգարանում ցուցադրվող հավաքածուի աշխատանքները կեղծված են։ Բոլոր կտավները ստորագրված են նույնությամբ, թեև հայտնի է, որ նկարչուհին տարբեր ստորագրություններ է կիրառել։ Մեկ այլ փորձագետ էլ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Նոյոլայի հավաքածուի իրերը չունեն ծագման հավաստագիր։










