Ֆեյսբուքցիները` ի պաշտպանություն հռչակավոր ջութակահար Հրաչյա Ավանեսյանի

01:52 • 10.06.11

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան` կոչ անելով հռչակավոր ջութակահար Հրաչյա Ավանեսյանին հնարավորություն ընձեռել մասնակցել հունիսի 13-ին Ռուսաստանում կայանալիք Չայկովսկու անվան միջազգային մրցույթին:

«Այս տարվա հունիսի 13-ին Ռուսաստանում տեղի է ունենալու Չայկովսկու անվան հերթական միջազգային մրցույթը, որն ամենաբարդն է համարվում բոլոր երաժշտական մրցույթների մեջ և համարվում է երաժշտության օլիմպիադան: Այս տարի նախընտրական ունկնդրման համար հանձնաժողովի դատին էր ներկայացվել աշխարհի լավագույն երաժիշտ-կատարողների 300-ից ավելի տեսաերիզ, և դրանցից ընտրվել են ընդամենը 20 կատարում, որոնց թվում է նաև Հրաչյայի կատարումը: Սակայն պարզվել է, որ բանակում չծառայելու ու արտասահման գնալու պատճառով նա գտնվում է հետախուզման մեջ և Ռուսաստան մտնելու իրավունք չունի: Հրաչյան իր նամակում գրում է նաև, որ նախընտրական փուլին մեր հարեւան ադրբեջանցի 3 դիմորդներից եւ ոչ մեկի տեսագրությունը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը: Նույնանման արդյունքի են արժանացել նաեւ մոտ 80 միլիոնանոց Թուրքիայից ուղարկված տեսանյութերը: Հրաչյայի խնդրանքն է, որ մի քանի օրով դադարեցվի նրա նկատմամբ հետախուզումը կամ էլ սահմանվի տարկետում՝ մինչև իր ուսման ավարտը:

Խորապես գիտակցելով հայրենիքի սահմանները պաշտպանելու պարտականության կարևորությունն ու հայրենիքին ծառայելու անհրաժեշտությունը, մենք գտնում ենք, որ Հրաչյա Ավանեսյանը մասնակցելով այս մրցույթին ու զբաղեցնելով բարձր հորիզոնականներ, շատ ավելի մեծ ավանդ կարող է ունենալ մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման հարցում. նրա անվան կողքին գրված է Հայաստան անունը: Մինչև այժմ Ֆեյսբուք սոցիալական ցանցի համապատասխան էջում բոլոր այցելուները, իմանալով, որ արգելգը զինվորական ծառայությունից խուսափելու խնդիրն է, ասում էին, որ Հրաչյա Ավանեսյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելը արդար ու ճիշտ որոշում կլինի, այնպես որ հասարակական կարծիքը ձեզ կողմնակից կլինի»,-ասված է նամակում

Սոցիալական ցանցում խումբ է բացվել` ի պաշտպանություն Հրաչյա Ավանեսյանի, որտեղ օգտատերերը իրենց մտահոգությունն են հայտնում խնդրո առնչությամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին հռչակավոր ջութակահարը հայաստանյան լրատվամիջոցներին նամակ էր ուղարկել` հայտնելով, որ դա «իր վերջին փորձն է մի շատ կարևոր խնդրի ինչ-որ լուծում գտնելու»:

«Խնդրում եմ միջնորդեք, որպեսզի նամակս կարդան համապատասխան անձինք, ովքեր որ կկարողանան օժանդակել, որպեսզի գոնե ժամանակավորապես հետախուզումից հանեն իմ անունը, և ես հանգիստ կերպով կարողանամ Ռուսաստան մեկնել ու պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը: Ինչպես նաև խնդրում եմ նրանց օգնությունը իմ կարգավիճակը նպատակային պարզեցում՝ այն է տարկետում սահմանելու առումով»,- լրատվամիջոցների խմբագիրներին խնդրում է ջութակահարը: