Մշակույթի նախարարության պատասխանը ջութակահարի մասին ֆեյսբուքցիների նամակին
Արձագանքելով հռչակավոր ջութակահար Հրաչյա Ավանեսյանի ու Facebook սոցիալական ցանցի օգտատերերի նամակին` Մշակույթի նախարարությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«Մամուլում և Facebook սոցիալական ցանցում օրերս հնչեցված Հայաստանի քաղաքացի /մշտական բնակության վայրը` Բելգիա/, ջութակահար Հրաչյա Ավանեսյանի ՌԴ Մոսկվա քաղաքում անցկացվող Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթին մասնակցելու խնդրի առնչությամբ հայտնում ենք, որ տաղանդաշատ երիտասարդ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը /ծնվել է 1986 թ. Գյումրիում, ավարտել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը և 16 տարեկան հասակում ծնողների հետ մշտական բնակության է մեկնել Բելգիա/ այս տարիների ընթացքում իր զինվորական պարտադիր ծառայության հետ կապված խնդրի վերաբերյալ երբևէ չի դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը:
Այդուհանդերձ, ներկայում բարձրաձայնված հարցի առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան պետական կառավարման մարմինների հետ միասին ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցներն ապահովելու Հ. Ավանեսյանի մասնակցությունը Չայկովսկու անվան մրցույթին»:










