ԵՊՀ-ում թվայնացնում են հայագիտական արխիվները

17:13 • 10.06.11

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն իրականացնում է հայագիտական ուղղվածության ուսումնասիրությունների հրատարակում, թվայնացում և համացանցային ռեսուրսներում հիշյալ նյութերի ներկայացվածության ապահովում:

Ինչպես նշված է ինստիտուտի տարածած հաղորդագրությունում՝ հունիսի 14-ին տեղի կունենա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողների կողմից 2008-2011 թթ. ընթացքում հրատարակված 49 գրքերի, մեթոդական ձեռնարկների, թարգմանությունների, 149 հոդվածների, 200-ից ավելի քարտեզների, ինչպես նաև ինստիտուտի պաշտոնական կայքի` www.armin.am-ի շնորհանդեսը:

«Կատարված աշխատանքը շարունակաբար ներկայացվում է ինստիտուտի պաշտոնական կայքում` www.armin.am-ում, որում էլ արդեն առկա են 55 գրքեր, 25 հոդվածներ, 104 քարտեզներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթերի ժողովածուներ, պատմական տարաբնույթ լուսանկարներ: Ձեռք բերված ժամանակակից սկաներները նոր թափ կհաղորդեն թվայնացման գործընթացին` ապահովելով բարձր որակ և օպերատիվություն: Ընթացքի մեջ են որոշ հայագիտական աշխատությունների հրատա-րակումներ»,- նշված է հաղորդագրությունում:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2008 թ.: Այն ունի թվով 8 ստորաբաժանում` «Հայ ինքնության և մշակույթի բաժին», «Հնագիտական հետազո¬տությունների լաբորատորիա», «Ցեղասպանագիտության բաժին», «Հայ-օսմանական առնչությունների բաժին», «Վրացագիտության հայկական կենտրոն», «Աղբյուրագիտական լաբորատորիա», «Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին», «Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա»: