Ի՞նչ գաղտնի, որմնանկարների տեղափոխումը ծրագրված էր. մշակույթի նախարարություն
«Ի՞նչ է նշանակում` գաղտնի տեղափոխվել են Երևան»,– այսպես արձագանքեց մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը Tert.am–ի հարցին, թե արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ Գյումրիից երեկ Մինասի որմնանկարները գաղտնի բերվել են Երևան:
Դուրգարյանը նշեց, որ այսօր աշխատանքային օր չէ, և ինքը չի կարող հաստատել տեղեկությունը՝ նկարներն իսկապես տեղափոխվել են Երևան, թե ոչ։ Ըստ նրա,Մինասի որմնանկարների տեղափոխումը Երևան նախապես ծրագրված է եղել, և եթե անգամ նման բան եղել է, դա արվել է ծրագրին համապատասխան։
Դուրգարյանի խոսքով՝ Մինասի որմնանկարները Գյումրիում վերականգնելու հնարավորություն չկա, և դրանք, միևնույնն է, պետք է տեղափոխեին Երևան։ Նա որմնանկարները գաղտնի Երևան տեղափոխելու մասին Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հայտարարությունը «մեղմ ասած, թյուրիմացություն որակեց»՝ վրդովվելով հենց «գաղտնի» բառից։
Դուրգարյանը նաև ընդգծեց, որ Մինասի որմնանկարները պահվել են «Մինաս Ավետիսյան» հիմնադրամում և առանց նրանց գիտության՝ որմնանկարները չէին կարող տեղափոխվել։










