Լիբիայի մասին պատմող ռեպորտաժը` Մոնտե-Կարլոյի փառատոնի մրցանակակիր
Sky News հեռուստաընկերության լրագրող Ալեքս Քրոուֆորդի ռեպորտաժը լիբիական Ալ-Զավիա քաղաքից լավագույնն է ճանաչվել Մոնտե-Կարլոյում կայացած Հեռուստատեսության միջազգային փառատոնում:
Մրցանակ ստացած տեղեկատվական նյութը պատրաստվել է 2011-ի մարտին: Նյութում նկարագրվում է քաղաքում սկիզբ առած ապստամբության ընթացքը: Լրագրողները նկարահանել են հանրահավաքները, հիվանդանոցային պալատները, որտեղ տեղափոխվել էին առաջին զոհերն ու վիրավորները, ապստամբների կողմն անցած զինվորներին ու սպաներին, ինչպես նաև Մուամար Կադաֆիի զորքերի հարձակումը քաղաքի վրա:
Հիշեցնենք, որ ապստամբները կարողացան քաղաքն իրենց վերահսկողության տակ պահել ընդամենը մեկ ամիս, ինչից հետո կառավարական զորքերը գրավեցին այն: Քաղաքի ամենամեծ մզկիթը, որը դարձել էր ընդդիմության յուրահատուկ շտաբ, քաղաքը գրավելուց հետո Կադաֆիի կողմնակիցների կողմից ամբողջությամբ քանդվել էր:
Երկու ամիս անց, սակայն, քաղաքը նորից ապստամբում է, և ընդդիմադիրների հակակառավարական գործողությունները ճնշելու նպատակով Կադաֆիի զորքերը նորից մտնում են քաղաք, հաղորդում է Lenta.ru-ն:










