Նունե Եսայանն ու Մհերը դուետ են ձայնագրել

11:25 • 16.06.11

Երևանյան ձայնագրման ստուդիաներից մեկում նկարահանվել է Նունե Եսայանի և Մհերի «Սիրահարվել եմ» երգի տեսահոլովակը: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակն է Անուշ Ալեքսանյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Գրիգորյանը: Երգը սիրո մասին է, այն թեթև պարային ստեղծագործություն է: Կատարման մեջ հնչում է նաև ջութակի կատարում:

Տեսահոլովակը հետաքրքիր դարձնելու համար որոշվել է այն նկարահանել ստուդիայում. «Տեսահոլովակը նկարահանեցինք ստուդիայում, որովհետև ցանկանում էինք ցույց տալ, թե ինչպես են կատարվում երգի ձայնագրման աշխատանքները: Իմ կարծիքով՝ դա շատ ավելի հետաքրքիր է մարդկանց համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մհերը:

Դուետով հանդես գալու առաջարկը եղել է Մհերինը. «Ես Նունեին առաջարկեցի, նա էլ համաձայնեց: Սա մեր երկրորդ դուետն է: Առաջին անգամ մենք երգել ենք իմ մենահամերգին, երբ կատարում էի Առնո Բաբաջանյանի երգերը»,- ասաց Մհերը:
«Սիրահարվել եմ» երգի տեսահոլովակը պատրատ կլինի մեկ շաբաթից: