«Օսկար»-ի կանոնները փոփոխվել են
Ամերիկյան կինոակադեմիան փոփոխությունների է ենթարկել «Օսկար»-ի մրցանակաբաշխության կանոնները:
Ամենաէական փոփոխությունն այն է, որ ակադեմիան հրաժարվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ֆիլմերի հստակ թվից: Նոր կանոնների համաձայն՝ այն տարեկան կարող է տատանվել 5-ից 10 գործի միջև, ընդ որում հստակ թիվը հայտնի կլինի միայն թեկնածուների անունների հրապարակումից հետո, հաղորդում է Trend-ը:
Բացի այդ, «Լավագույն փաստագրական ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ փաստագրական ֆիլմ» անվանակարգերում փոփոխվել է ժամկետը, որի ընթացքում պետք է ուսումնասիրվեն ֆիլմերը: Եթե առաջ դրանք դիտարկվում էին սեպտեմբերի մեկից մինչև հաջորդ սեպտեմբերի մեկը (օրինակ 2011-ի փետրվարին տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգեվատրել են այն ֆիլմերը, որոնք թողարկվել են 2009-ի սեպտեմբերի մեկից մինչև 2010-ի սեպտեմբերի մեկն ընկած հատվածում), ապա այժմ ժամանակահատվածը հարմարեցվել է օրացույցային տարվան:
Հիշեցնենք, որ ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2012-ի փետրվարի 26-ին: Անվանակարգերում թեկնածուների անունները կհրապարակվեն 2012-ի հունվարի 24-ին:










