Անտառահատը տարիներ անց պարզել է, որ իր տան նկարը Այվազովսկունն է ու հարստացել

12:46 • 17.06.11

Շվեդ նախկին անտառահատն անսպասելիորեն հարստացել է, երբ պարզել է, որ երկար տարիներ իր տան պատից կախված կտավի հեղինակը Հովհաննես Այվազովսկին է։

Կտավի իրական արժեքը պարզ է դարձել, երբ ծեր անտառապահը որոշել է վաճառել հանգուցյալ կնոջից ժառանգություն մնացած իրերը։ Նա իրերը տարել է «Մետրոպոլ» աճուրդի տուն՝ խնդրելով մի մասը վաճառել, մյուս մասը՝ ուղարկել Կարմիր խաչ։ Այդ իրերի թվում է եղել նաև Այվազովսկու «Ճակատամարտ Բոմարզունդի համար» կտավը։

Ոչինչ չկասկածող աճուրդի աշխատակիցները կտավի նախնական գին են սահմանել 10 հազար շվեդական կրոնը (շուրջ 1 500 դոլար)։ Կտավը, սակայն, այնպիսի աժիոտաժ է առաջացրել աճուրդում, որ «Մետրոպոլի» ներկայացուցյիչները որոշել են խորհրդատվության նպատակով դիմել փորձագետների օգնությանը։ Վերջիններս հաստատել են, որ կտավի հեղինակն Այվազովսկին է։

Այնուհետև կտավն «Ուպսալե» աճուրդի տանը վաճառվել է 7,6 միլիոն կրոնով (1,2 միլիոն դոլարով)։ Ինչպես հաղորդում է շվեդական The Local պարբերականը, կտավը գնել է մի ռուս հավաքորդ։

«Ճակատամարտ Բոմարզունդի համար» կտավը Այվազովսկին վրձնել է 1858թ.։ Ծովանկարչի կտավները Ժամանակ առ ժամանակ հայտնվում են աշխարհի տարբեր աճուրդներում ու վայելում են կայուն պահանջարկ։

Այսպես, 2004թ. «Իսահակի տաճարը ցրտաշունչ եղանակին» կտավը Christie’s աճուրդում վաճառվեց 1,125 միլիոն ֆունտ ստեռլինգով։ 2008թ. «Սննդամթերքի բաժանում» և «Օգնության շտապող նավը» Նյույորքյան աճուրդում վաճառվեցին 2,4 միլիոն դոլարով։

Կատարվածից ցնցված անտառահատը դեռ չի կարողանում հավատալ իր երջանկությանը։