Գաբրիել Գարսիա Մարկեսին Մշակույթի նախարարությունը հրավիրեց Հայաստան

17:22 • 17.06.11

Մշակույթի նախարարությունը նամակ է ուղարկել աշխարհահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին՝ հրավիրելով մասնակցել Հայաստանում 2012թ. Գրքի տարվա միջոցառումներին։ «Ենթադրում ենք, որ նա կգա տարեսկզբին՝ մասնակցելու Գրքի տարվա բացմանը»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը։

Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել էր «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնություն, որն իր 2500 համակիրների անունից հունիսի 9-ին նամակ էր ուղարկել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով պաշտոնական հրավեր ուղարկել Գաբրիել Գարսիա Մարկեսին այցելելու Հայաստան։

«Հարգարժան նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք, և մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին»,- նշված էր նամակում։