«Քեզ համար, Ճապոնիա». Հայ մանուկներն օգնում են իրենց ճապոնացի ընկերներին (տեսանյութ, ֆոտոշարք)

14:27 • 17.06.11

Երևանի քաղաքապետարանում բացվեց «Քեզ համար, Ճապոնիա» խորագրով օրիգամիի ցուցահանդես-վաճառք, որ կազմակերպել էր հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը։

«Մտածել, որ լուրջ ֆինանսական հասույթ ենք ակնկալում, լուրջ չի լինի, սակայն ինչ էլ որ ստացվի, փոխանցվելու է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան միջոցով Ճապոնիայի մանկական որևէ հաստատության վերականգնման ֆոնդերից մեկին»,- լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը։

Նա ասաց, որ ներկայացված շուրջ 500 օրիգամի՝ թուղթ ծալելու արվեստի աշխատանքները, պատրաստված են իրենց կենտրոնի ներկայացուցիչների ձեռքով՝ մեծ սիրով և ջերմությամբ։ «Կան կուսուդամաներ՝ թղթե գնդեր (ճոպոնացիները հավատում են, որ եթե այդ գնդերը կախում ես տանը, դրանք կուտակում են դրական էներգիա), ծիսական տիկնիկներ՝ հիվանդությունները հանելու և չար ոգիներին քշելու նպատակով, կռունկները՝ խաղաղության խորհրդանիշ, հովհարներ՝ արևի սիմվոլներ և թիթեռներ, որ պատրաստել են ամենափոքրիկները՝ չորս տարեկանները»,- ասաց նա։

«Բացի երկրաշարժին ցուցաբերած օգնությունից՝ մենք Ճապոնիայի կառավարությունից ստացել ենք մոտավորապես 300 մլն ԱՄՆ դոլարի էժան վարկեր և 65 մլն դրամաշնորհներ, ինչպես նաև Ճապոնիայի ֆինանսավորմամբ իրականացել են առանձին շինարարական ծրագրեր՝ մասնավորապես էլեկտրակայանների նորոգում, փոխանցվել են հրշեջ մեքենաներ և այլն»,- նշեց Արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ դեսպան Աշոտ Ոսկանյանը։

Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև «Վերածնվիր, Ճապոնիա» երգը, որի երաժշտության հեղինակն է Շուշան Սարգսյանը, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը, կատարում են Լիանան, Սարգիս Մանուկյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուսաննա Պետրոսյանը, Մհերը, Սոնա Շահգելդյանը, Նելլին և Լիանա Խաչատրյանը։