Սանտանան բացահայտել է իր ելույթների հաջողության գաղտնիքը

00:11 • 17.06.11

Հռչակավոր կիթառահար Կարլոս Սանտանան, ով Carlos Santana Guitar Heaven World Tour 2011 համաշխարհային շրջագայության շրջանակներում գտնվում է Մոսկվայում, լրագրողներին է հայտնել իր «հաջող ելույթների գաղտնիքներից մեկը»: Երաժիշտն ասել է, որ համերգներից առաջ զբաղվում է մեդիտացիայով:

«Երբ վիրաբույժը պատրաստվում է վիրահատության, նա լվանում է ձեռքերը, որպեսզի հիվանդի օրգանիզմը մանրէներով չվարակի: Երաժշտությունն ավելի խորն է թափանցում, քան վիրաբույժի նշտարը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երաժիշտը համերգից առաջ հոգեպես մաքրվի, որպեսզի երբ նրա երաժշտությունը թափանցի հանդիսատեսի սրտերը, սրբության ու մաքրության զգացողություն առաջացնի»,-ասել է Սանտանան:

Մեքսիկական ծագման ամերիկացի կիթառահարը, ով բազմաթիվ երաժշտական «Գրեմմի» մրցանակների դափնեկիր է, իր համբավին է հասել 1960-ականներին: Երաժիշտը մեծ բեմ է  վերադառնում 1999-ին՝ հանրությանը ներկայացնելով «Supernatural» ալբոմը: