ՅՈՒՆԵՍԿՕ–ն խաչքարերի տեղանունները հանել էր թուրք–ադրբեջանական ճնշման տակ
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 15–ին կայացած «Խաչքարի արվեստը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ արձանագրված միջադեպին։
Ինչպես հայտնի է, ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանական և թուրքական կողմերը հասանելի բոլոր միջոցներով ձգտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին համոզել ցուցադրությունից հանել ներկայացված հայկական խաչքարերի ցուցանմուշների մի մասը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Բանակցությունների արդյունքում, պահպանելով ցուցահանդեսի ամբողջականությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պնդմամբ, հանվել են լուսանկարների բացատրագրերում նշված տեղանունները, հաշվի առնելով, որ ցուցահանդեսի մաս էր կազմում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված խաչքարերի տեղադրման աշխարհագրական քարտեզը: Սակայն, վերջին պահին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցուցադրությունից հանել էր նաև քարտեզը:
Նախարարը նշեց, որ իրենք կարողացել են միայն հայկական նմուշները ներկայացնող կատալոգ հրատարակել և բաժանել մասնակիցներին։ «Ոչ մի արտառոց բան այստեղ չպետք է տեսնել, բոլոր միջազգային հարթակներում էլ հանդիպում ենք նման միջադեպերի, պարզապես հայկական կողմը պետք է պատրաստ լինի ներկայացնելու իր դիրքորոշումները, տեսակետները»,– ասաց Հասմիկ Պողոսյանը։










