Ավանդականն ու մոդեռնը հայկական ձեռագործ գորգերում (լուսանկարներ)

15:16 • 18.06.11

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց «Թուֆենկյան» ընկերության կողմից արտադրված գորգերի երկօրյա ցուցահանդես–վաճառքը, ուր ներկայացված է 350 գորգ, ծածկոցաշալեր և շալեր՝ բոլորն էլ ձեռագործ աշխատանքներ։ «Ոչ միայն լիովին ավանդական նախշազարդերով, այլև՝ ավանդականի և նորի համադրությամբ, մոդեռն՝ միագույն և երկգույն, որոնք արդի ինտերիերին բավական համահունչ են և մեծ պահանջարկ ունեն»,– նշեց «Թուֆենկյան տրանսկովկաս» ընկերության գործադիր տնօրեն Արման Գրիգորյանը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ ներկայացվեց մանկական հավաքածուն։

Գորգերի արտադրության մեջ, ըստ նրա, օգտագործվել է բացառապես բնական հումք՝ հենքի, միջնաթելի և ուղղակի թելի համար կիրառելով միայն բնական բրդե թելեր։ «Արտադրության մեջ ոչ մի մաս մեքենայացված չէ, գորգի պատրաստման ողջ ընթացքը կատարվում է ձեռքով՝ սկսած բուրդը մաքրելուց, թել մանելուց՝ հայկական ձևով տատիկները տներում նստած մանում են էդ թելերը»,– ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ արտադրության մեջ հնարավոր չէ օգտագործել միայն բնական եղանակով ստացվող գույներ, քանի որ բույսերի, ծաղիկների հիմքի վրա ստացվող ներկը լինում է շատ քիչ և թանկ։

«Ներկայացված են չորս խտության գորգեր՝ 20x20-ի, 25x25, 32x32, 40x40, և 1ք/մ գորգի գինը լինում է 110-200 հազար դրամ»,– ասաց նա՝ հավելելով, որ 1ք/մ գորգը մեկ անձը գործում է միջինը մեկ ամսում։