Բանգլադեշցիներին սովորեցրել են հայկական պարել (տեսանյութ)

15:00 • 20.06.11

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ երրորդություն եկեղեցու հարակից այգում երեկ տեղի է ունեցել ազգագրական պարի երեկո՝ «Պարենք հայերեն»։ Նախաձեռնությունը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբինն էր՝ Տիգրան Մարտիրոսյանի գլխավորությամբ և համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի աջակցությամբ։

Կազմակերպիչների խոսքերով՝ նախաձեռնության նպատակը հայ ժողովրդին իր արմատներին վերադարձնելն է, ազգագրական պարը հասարակության ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելը։ Հաջողության դեպքում նախատեսվում է նմանատիպ դասընթաց-միջոցառումներ կազմակերպել նաև Երևանի այլ համայնքներում, անգամ մարզերում։ Կազմակերպիչներն առայժմ ֆինանսավորում չեն ստանում։ Այս անգամ նրանց աջակցել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկան։

Խմբի անդամները մինչև ուշ երեկո միջոցառման մասնակիցներին սովորեցրել են պարի շարժումները և բացատրել դրանց նշանակությունը։

Նման հաջորդ միջոցառումը տեղի կունենա հաջորդ կիրակի, ժամը 20։00-ին, նույն համայնքում՝ թաղապետարանին հարող այգում։
Նշենք, որ «Կարինի» նախաձեռնությամբ բաց դասեր անցկացվում են դեռևս 2005թ.-ից։