Պիկասոյի սիրուհիների դիմանկարները վաճառվեցին 67 միլիոն դոլարով

11:30 • 22.06.11

Լոնդոնյան Christie's աճուրդում իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի 3 կտավները վաճառվել են 67,6 միլիոն դոլարով։ Այդ մասին նշված է աճուրդի տան պաշտոնական կայքում։

«Քնած աղջիկը» կտավը, որում նկարիչը պատկերել է իր կողակցին՝ ֆրանսուհի մոդել Մարիա-Թերեզա Վալտերին, վաճառվել է 21,7 միլիոն դոլարով։

2010թ. անհայտ հավաքորդը Պիկասոյի՝ 1935թ. վրձնած «Քնած աղջիկը» նվիրել էր Սիդնեյի համալսարանին պայմանով, որ կտավը պետք է աճուրդի հանվի, որից գոյացած գումարներն ուղղվելու էին գիտական հետազոտությունների ու համալսարանի զարգացմանը։ Կտավը 1939-ից ի վեր որևէ տեղ չէր ցուցադրվել։

28,9 միլիոն դոլարով վաճառվել է «Կապույտ զգեստով նստած կինը» կտավը, որտեղ պատկերված է Պիկասոյի կյանքի ընկերներից ևս մեկը՝ ֆրանսիացի նկարչուհի, լուսանկարիչ Դորա Մաարը։

Պիկասոյի մեկ այլ՝ «Ֆրանսուազայի կուրծքը» կտավը, որտեղ պատկերված է Ֆրանսուազա Ժիլոն՝ նկարչի բազմաթիվ սիրուհիններից ևս մեկը, վաճառվել է 17 միլիոն դոլարով։

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 21-ին Christie's-ի աճուրդում վաճառվել են 227 միլիոն դոլարի արվեստի գործեր։
2010թ. Պիկասոյի «Մերկ կինը կանաչ տերևների ֆոնի վրա» կտավը, որտեղ պատկերված է Մարիա-Թերեզա Վալտերը, ռեկորդ սահմանեց արվեստի գործերի վաճառքի պատմության մեջ։ Անհայտ հավաքորդը նկարչի կտավը ձեռք բերեց 106,5 միլիոն դոլարով։