Վան Գոգի ինքնադիմանկարն իրականում նրա եղբոր դիմանկարն է

09:31 • 23.06.11

Ամստերդամի Վան Գոգի թանգարանի փորձագետները եկել են այն եզրակացության, որ թանգարանում պահվող մինչ այժմ ինքնադիմանկար համարվող կտավում պատկերված է նկարչի եղբայր Թեոն։ Մինչ այդ համարվում էր, որ Վան Գոգը երբեք չի պատկերել եղբորը։

Ինչպես գրում է իտալական La Repubblica թերթը, փաստարկները ներկայացված են թանգարանի աշխատակիցներից մեկի 600 էջանոց հետազոտության մեջ։ Հեղինակը ցույց է տալիս, որ նկարներում Վան Գոգի և նրա եղբայր Թեոդորի դեմքերը տարբերվում են։

Բացի այդ, նա վերլուծել է Թեոդորի լուսանկարները և համոզվել, որ նրա մորուքի և աչքերի ձևն ու գույնը նման է «ինքնադիմանկարում» պատկերված մարդուն։

Ավելի վաղ համարում էին, որ Թեոն պատկերվել է միայն ուրվագծերում, սակայն այս բացահայտումից հետո թանգարանի պաշտոնական կայքում նկարի ներքո նշվում է «Թեո Վան Գոգի դիմանկար»։

Վիճելի դիմանկարը թվագրվում է 1887 թվականով, որը համարվում է նկարչի ստեղծագործական կյանքի ամենաքիչ ուսումնասիրված շրջանը, երբ նա ապրում էր Փարիզում՝ եղբոր հետ։

Կտավը երկար ժամանակ գտնվել է թանգարանի պահեստում։ Այն ցուցադրվում է հունիսի 22-ին բացված «Վան Գոգը Անտվերպենում և Փարիզում. նոր մոտեցում» խորագրով ցուցահանդեսում։