Ոսկե ծիրանի Կորիզում կներկայացվի երիտասարդների 25 ֆիլմ

20:47 • 24.06.11

«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնում ընդգրկվել է մրցութային նոր ծրագիր` կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի «Կորիզ» խորագրով մրցույթը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մրցութային ծրագրի կազմակերպիչները` ռեժիսորներ Արամ Շահբազյանը, Վարդան Հակոբյանը, Գագիկ Ղազարէն, Լուսինե Սարգսյանը և սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը ներկայացրեցին ընտրված ֆիլմերն ու ժյուրիի կազմը:

«Ոսկե ծիրանը» հնարավորություն է ընձեռել երիտասարդներին այս խորագրի ներքո իրականացնելու իրենց մտահաղացումները, ինքնուրույն ձևակերպելու պահանջները, ֆիլմերի ընտրության սկզբունքները, ինչպես նաև` կատարել ֆիլմերի ընտրությունը: «Կորիզ»-ում ներկայացվող ֆիլմերի միջոցով կազմակերպիչ-երիտասարդները փորձել են արդեն այսօր հասկանալ վաղվա կինոյի տեսակն իր ժանրային առանձնահատկություններով:

Ռեժիսոր Վարդան Հակոբյանը նշեց, որ «Կորիզ» մրցութային ծրագիրը նախատեսված է հատկապես երիտասարդ ռեժիսորների համար. «Այս ծրագիրը մենք ստեղծել ենք երիտասարդ կինոգործիչների առաջարկով, որի շրջանակներում եղել են բազմաթիվ առաջարկներ և մտահաղացումներ: Այս մրցույթը նախատեսված է երիտասարդ ռեժիսորների համար, որոնք չունեն բյուջե մեծ ֆիլմեր նկարահանելու համար»:

Սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը ասաց, որ ընտրված ֆիլմերը բազմաժանր են: Ունեն դրամատուրգիա և ասելիք: Նա խորհուրդ է տալիս մրցույթից դուրս մնացած ռեժիսորներին գալ և դիտել ընտրված ֆիլմերը: Դրանք թարգմանվել են և կցուցադրվեն Տիկնիկային թատրոնում:

Ներկայացվել էր 135 հայտ, որոնցից ընտրվել են 25-ը 18 երկրներից:

«Կորիզ» անվանակարգի ժյուրին կնախագահի պրոդյուսեր Թիերի Լենուվելը (Ֆրանսիա): Ժյուրիի մյուս անդամներն են ճանաչված կինոգետ Օլգա Շերվուդը (Ռուսաստան) և կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանը:

«Կորիզ» անվանակարգում ընդգրկված են`

«Գորիով», Գեորգի Բարբակաձե, Ավստրալիա

«Ես կարող էի ձեր տատիկը լինել», Բեռնար Տանգի, Ֆրանսիա

«Տան ճամփան երկար է», Գրեգորի Ռենտիս, ԱՄՆ/Հունաստան

«Գլազգո», Պյոտր Սուբոտկո, Լեհաստան

«Վերադարձ», Հարի Ջ. Ռանտալա, Ֆինլանդիա

«Դաշնամուր լարողը», Օլիվյե Տրենե, Ֆրանսիա

«Անբաններ», Մարիա Լունդքվիսթ, Շվեդիա

«Նրան սպասելով», Ջեյմս Ջոյնթ, Հոնդուրաս

«Ոչ ոքի պատմությունը», Մանֆրեդի Լուչիբելլո, Իտալիա

«Հավակնոտ», Այնուր Ասկարով, Ռուսաստան

«Լաաֆ»,Լոիկ Տանսոն, Թիերի Բեսլինգ, Լյուքսեմբուրգ

«Մեֆիստո», Լորանս Վեսյեր, Ֆրանսիա

«Փիթեր Գրասի բազմակի… մահը», Ժան-Ժակ Կյունակ, Ֆրանսիա

«Ծաղկապար»,Լուսինե Սարգսյան, Հայաստան

«Փոքրիկը», Մոհամեդռեզա Հաջիփուր, Պորտուգալիա

«Հեծանիվ», Սերհաթ Կարաասլան, Թուրքիա

«Անհոգ տղան»,Մարկո Ջանֆրեդա, Իտալիա

«Սպասում», Չժոու Ցզի Վեյ, Սինգապուր

«Թևավոր պատրանք», Տաթև Իսախանյան, Հայաստան

«Գալաթա», Դիանա Կարդումյան, Հայաստան/Թուրքիա

«Առավոտ, ցերեկ, երեկո… և առավոտ», Գայանե Ջիջի, Ֆրանսիա/Սիրիա

«Լիմոնարիում», Վասիլի Ֆենին, Ռուսաստան

«Ծով ցանկություններ», Շոթա Ղամիսոնիա, Ռուսաստան

«Շամբոր» հյուրանոց», Դորոթե Բեռ, Բելգիա

«Սպիտակ ոսկի», Ադամա Սալ, Մարոկո

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։