Դալին և սյուրռեալիստները գալիս են Երևան

13:11 • 30.06.11

Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի տպագիր գրաֆիկայի ցուցահանդես, որտեղ կներկայացվի 160 աշխատանք` նվիրված սյուրռեալիստական ուղղության հայտնի նկարիչներ Սալվադոր Դալիին, Հանս Բելմերին, Լեոնոր Ֆինիին, Ջորջո դե Կիրիկոյին:

Կցուցադրվեն աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը`քսիլոգրաֆիաները, «Արժիլե» պատկերասրահի (ԱՄՆ, Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն նաև այն հայ նկարիչների ստեղծագործությունները, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել այդ ուղղությանը` Եր. Քոչար, Հ. Հակոբյան, Լ.Թութունջյան, Գ.Խաչատրյան, Ս.Փարաջանով և այլք:

Դադայիզմի և սյուրռեալիզմի առաջնորդների ընկեր և հասակակից Պիեռ Արժիլեն ստեղծել է ամենանշանակալից հավաքածուներից մեկը, որն ընդգրկում է նաև Հանս Արպի, Տրիստան Տցարայի, Ջորջո դե Կիրիկոյի, Վասիլի Կանդինսկու և այլ վարպետների ստեղծագործությունները, որոնց հետ կծանոթանանք այս ցուցահանդեսին:

Արժիլե ընտանիքին է պատկանում Սալվադոր Դալիի պղնձափորագրության ամենամեծ հավաքածուն, որից 120 օֆորտ կցուցադրվի Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր:

Աշխատանքների մեծ մասն ստեղծվել են 1934-1973թթ. և տեղ են գտել 20-րդ դարի փորագրության ոսկե ֆոնդում:

«Արժիլե» պատկերասրահը համագործակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ճապոնիայի և այլ երկրների հայտնի թանգարանների հետ: