ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը համալրվել է 25 օբյեկտով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն իր պահպանության տակ գտնվող օբյեկտների ցանկը համալրել է 25 նոր օբյեկտներով։ Այդ մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում։
Ցանկում ներառվել են 3 բնական, 21 մշակութային ու 1 խառը՝ մշակութաբնական օբյեկտներ։ Վերջինս Հորդանանի տարածքում գտնվող Վադի Ռամ ազգային պարկն է անապատային լանդշաֆտով, որտեղ բնակվում է 74 հազար մարդ։
Կազմակերպության՝ մշակութային արժեք ներկայացնող պահպանման օբյեկների թիվը համալրել է Իրանի պարսկական այգին, թուրքական Սելիմիե մզկիթը, Ալպերի՝ Շվեյցարիայի, Ավստրայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Սլովենիայի տարածքներում գտնվող նախապատմական ցցագերանային բնակավայրերը։ Բացի այդ՝ ռեեստր են ներառվել Յուրի Ֆեդկովիչի անվան Չերնովցիի ինստիտուտի 3 մասնաշենքերը՝ ուղղափառ մետրոպոլիտներ Բուկովինաի ու Դալմաթիի նախկին նստավայրերը։
Բնական օբյեկտներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ է գտնվելու Ավստրալիայի Նինգալու արգելոցը, ճապոնական Օգասավարա կղզիները և Քենիայում գտնվող լճային համակարգը։
Վերոնշյալ օբյեկտները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռեեստր ընդգրկելու որոշումը կայացվել է Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում։ Նիստն անցկացվել է հունիսի 19-29-ը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում կա 936 պահպանվող օբյեկտ։










