Սթինգը պաշտպանել է ղազախների իրավունքները և չեղյալ է հայտարարել Ղազախստանում իր համերգը

21:40 • 03.07.11

Հռչակավոր երաժիշտ Սթինգը քաղաքական դրդապատճառով չեղյալ է հայտարարել Ղազախստանում Աստանայի օրվա տոնական միջոցառումների շրջանակներում նախատեսված իր համերգը: Այդ մասին ասված է երգչի պաշտոնական կայքում:

Սթինգը նման որոշում է կայացրել, քանի որ Աստանայի օրվա տոնական միջոցառումը համընկել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ծննդյան տարեդարձի հետ: Երգիչը համամիտ է Amnesty International միջազգային կազմակերպության գնահատականին, ըստ որի Ղազախստանում ոտնահարվում են նավթագազային ընկերությունների աշխատակիցների, արհմիությունների անդամների, հասարակական կազմակերպությունների իրավունքները:

Համերգի կազմակերպիչներն իրենց հերթին հայտնել են, որ համերգը չեղյալ է հայտարարվել կազմակերպչական-տեխնիկական պատճառներով:

Արդեն վաճառքի հանված տոմսի արժեքը եղել է 690 ԱՄՆ դոլար: